Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպես մտածեցի, որ եթե իմ անունը չկա, ուրեմն ես չեմ կարող ժառանգորդ լինել «տանս այսորիկ»։ Ներքևի հարկից, գաղտնի, վեր հանեցի եռոտանին և բարձրացա վրան, որպեսզի իմ անունը ես ավելացնեմ ժառանգորդների ցանկում։ Դեռևս գրելու գործողությունը չէի սկսել, երբ եռոտանին սկսեց երերալ և ծռվել։ Բարեբախտաբար, արձանագրությունից քիչ հեռու կար մի մեծ կեռ երկաթ, որից ձմեռը մեծ լամպն էին կախում, բռնեցի այդ կեռ երկաթը, եռոտանին մնաց ոտներիս տակը, բայց անկարելի էր ցած իջնել, որովհետև եթե երկաթը թողնեի, եռոտանին պետք էր կործանվեր։ Սկսեցի ճչալ ահ ու սարսափով։ Գոգոն, լսելով աղիողորմ ճչոցս, անմիջապես վազեց վեր և շուտափույթ ըմբռնելով կացությունը, բռնեց եռոտանին ու ես, առանց վախի, սկսեցի ցած իջնել։

Հատակին հասա չհասա, Գոգոն ապտակ տվեց երեսիս և՝

— Չանգալը չի ձգած ինչո՞ւ ես վեր ելեր...

Ես գոհ մնացի այդ ապտակից։

Երեկոյան հայրս ինձ նստեցրեց իր ծնկանը և շոյելով ոսկեգույն մազերս՝ հարցրեց.

— Ինչո՞ւ էիր վեր ելեր։

Հորս փայփայանքից ոգևորված անկեղծորեն ասացի նպատակս։ Հայրս կուշտ ծիծաղեց և բոլորի ներկայության հայտարարեց.

— Իմ բյություն հարստությունն իմ պստիկ յավրուինս է, իսկ աս տունը, իմ մահես վերջը, բոլորիդ կըսեմ, կուտաք այս յավրուիս։

Հորս մահից տարիներ հետո, երբ հարկ եղավ հորս հարստությունը բաժանել, իմ բացակայության, մայրս առաջարկել էր, որ այդ տունը, առանց որևէ վիճակ ձգելու և վեճի, ինձ տրվի՝ հարգելու համար հորս ասած ամեն մի խոսքը, թեկուզ այն ժամանակ կատակով ասած։

Այդ տունը ես ժառանգեցի, որի ոչ մի արձանագրության մեջ իմ անունս չկար։