Հորս մահից հետո՝ Գոգոն ավելի անսահման, ավելի միստիկական սիրով կապվեց մեր տանը, բայց միաժամանակ փոխվեցին հարաբերությունները։ Մորս և Գոգոյի հարաբերությունները մնացին նույնը, բայց եղբայրներիս և Գոգոյի՝ հիմնովին փոխվեցին։ Բացի մեծ եղբորիցս, մյուս եղբայրներիս քթի տակն էլ սկսեցին սևին տալ և ավելի խորը զգացին, որ «ժառանգորդք են տանս այսորիկ»։ Նրանք սկսեցին ըմբոստության նշաններ ցույց տալ Գոգոյի բռնապետության դեմ, սկսեցին ծաղրել նրա դիրեկտորությունը, բայց Գոգոն երկար ժամանակ չլսելու և չտեսնելու էր տալիս, որովհետև մայրս ասում էր.
— Չոճուխներ են, անկաճ մի կախեր։
Այնուամենայնիվ, Գոգոն երկար չհամբերեց հեգնանքներին և մի օր տղերանց մեկին հայտարարեց.
— Ծո, խնլո՛տ, քեզ էնֆիեի[1] պես քիթս կքաշիմ։
Այս առիթ տվեց, որ հարաբերություններն ավելի սրվեն, մանավանդ նրա և Լևոնի միջև։
Մի օր էլ Լևոնն իր դասընկերներին հավաքել էր և բերել լցրել մեր դահլիճը՝ զվարճանալու համար։
Գոգոն պատվիրեց Լևոնին, որ 10—12 տղաներ, բոլորն էլ իրեն նման պատանի և չար, անհարմար է դահլիճում զվարճանալ, ավելի լավ է գնալ պարտեզ և զվարճանալ մարգագետնի վրա, խոստացավ նրանց բերել աթոռ և օշարակ։ Լևոնն ընդդիմացավ այս կարգադրության, որովհետև Գոգոն էր արել.
— Չեմ երթա։
Գոգոն պատրաստվեց կոտրել Լևոնի համառությունը, մանավանդ տեսնում էր, որ վերջերս խորտակվում էր իր հեղինակությունը մեր տան մեջ, որտեղ արդեն 40 տարի էր, ինչ իշխում էր, բայց մայրս մոտեցավ նրան և զսպեց.
— Անկաճ մի կախեր, թոդ երթան։
— Դուն ես մեջքս կոտրողը, խանըմ,— հառաչեց Գոգոն։
- ↑ Բուռնոթի, քթախոտ։