վերջին խոսքը։ Եվրոպայի մեջ հիմա այլևս ամուսնություններ անգամ չկան. ով ինչ կին որ կուզե, կառնե և կը տանի իր սենյակը։
Այս խոսքին վրա շատերը ծիծաղեցան, բայց հանկարծ լսվեցավ մեծ աղմուկ։ Ներկա եղող ջղային մարդոցմե մեկը, որ երբեք չէր կրնար հանդուրժել այդպիսի միտք՝ առավ օղիի շիշը և նետեց Ֆանթազիոյի ճակատին։ Ֆանթազիոյի ճակատեն արյունը սկսավ հոսիլ։ Շիշը նետողին մոտիկ մարդիկ բռնեցին զայն մինչ ուրիշներ ալ կաշխատեին Ֆանթազիոն տանել ուրիշ սենյակ մը անախորժության վերջ տալու համար։
— Դուք վայրենիներ եք, դուք հակահեղափոխականներ եք, հին ռեժիմի գործակատարներ, սրիկաներ եք, աղաղակեց Ֆանթազիոն։
Կռիվը կերպով մը դադրեցուցին Ֆանթազիոն տանելով մյուս սենյակը։ Կիները սարսափելի կերպով վախեցած՝ կամաց-կամաց քաշվեցան գացին։ Սեղանը մնաց մեջտեղը։ Մյուս սենյակին մեջ ծխախոտ վառեցին և դրին պ․ Ֆանթազիոյի վերքին վրա, ուրկե արյունը կը կաթկթեր։ Երբ առավոտուն արթնացավ, թուղթ, թանաք և գրիչ ուզեց և հետևյալ հեռագիրը խմբագրեց ղրկելու համար Պոլիս՝ «Ազատամարտ»-ի խմբագրության․
- Եկա Խարբերդ քարոզելու համար հեղափոխության խոսքը, բայց վայրենի հակառակորդներ իմ ճակատը ծակեցին։ Այս տիպի մարդոց պահանջն է նախկին կառավարության ձևը և նախկին պաշտոնյաներու վերագրավումը իրենց աթոռներուն։ Հեղափոխությունը վտանգի մեջ է, հեռագրեցեք՝ թե ինչ կերպ վարվելու եմ։
- Կեցցե՜ Ազատությունը։
- Կեցցե՜ Հեղափոխությունը։
Ֆանթազիոն տակավին անկողնի մեջ էր և դուրս չէր ելած իր վերքը չցուցնելու համար, երբ հեռագիր ստացավ