և ինքնաբերաբար արտասանեc — դոկտոր էֆենտի։) Կերթաս մեր քաղաքը, կը տեսնես թաղականները և բոլոր մեծավորները և կըսես անոնց, որ դոկտոր Բուրբոնյանը վաղը պիտի ժամանե, երկսեռ վարժարանի բոլոր աշակերտությունը ծաղկեփունջերով ինձ դիմավորելու կը հանեն, տեղվույն առաջնորդը ինքը անձամբ կը դիմավորե ինձ, հրաման կընեն, որ ներս մտած ատենս երկու եկեղեցիներու զանգակները ղողանջեն և եկեղեցիներու երգեցիկ խումբերը խառն երգեն «Մեր Հայրենիքը»։ Կը հասկընա՞ս, հիմար, այսպես՝ կերթաս և կը պատվիրես, եթե ոչ գլուխդ կը թռցնեմ։
— Հրամայեր եք, էֆեն… դոկտոր էֆենտի։
— Հիմա ճամփա կելլես և կերթաս, հեռացիր։
Շինականը հրաժեշտ առավ և ճամփա ելավ դեպի Չմշկածագ, որ հազիվ երկու ժամ հեռավորության վրա էր: Բուրբոնյանը գիշերն ամբողջ չկրցավ քնանալ և ծրագրեց մեկ քանի տեղեր ճառեր խոսիլ և մեծ հանդիսավորություն ստեղծել։ Անիկա Եփրատ Կոլեջի մեջ գրեթե անգիր ըրած էր Քրիստոսի պատմությունը։ Իր մուտքը դեպի իր ծննդավայրը նմանցուց Քրիստոսի Երուսաղեմ մտնելուն։ Անիկա առաջին անգամն ըլլալով կասկածեցավ Հիսուսի այն նշանավոր խոսքին վրա թե՝ Մարգարեն պատիվ չունի իր գավառին մեջ։
— Հիսուս արքան մեծ մարդ էր, բայց վերջապես հյուսնի մը որդին էր, ատոր համար իր գավառին մեջ պատիվ չուներ, մտածեց անիկա։
Որպեսզի նմաներ իր Չմշկածագ մտնելը Քրիստոսի Երուսաղեմ մտնելուն, մտածեց Փայլակը փոխել ավանակի մը հետ, բայց երբեք չկրցավ այդ մտածման հետ հաշտվիլ:
— Ես… իշու վրա նստած… այդ դարը անցած է, մտածեց և բոլորովին դուրս վռնտեց էշը իր խելապատակեն։
Խանին տերը լսեց շինականին տված պատվերը և փեշերը իրարու բերավ։ Առաջ, որ Բուրբոնյանը կը նկատեր իբրև հասարակ ճամփորդ մը և իր տանուտերի սովորական հարգանքը կընծայեր, այս անգամ սկսավ վախնալ։ Երբեք չկրցավ հասկնալ, թե ինչ տիպի մարդ կրնար ըլլալ նա, որուն համար ամբողջ քաղաքը պաշտոնապես բարի գալուստի պիտի