Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գար, եկեղեցին զանգակները պիտի ղողանջեին, երգեցիկ խումբը և առաջնորդը նույնիսկ պիտի գային դիմավորելու։

— Իմ տեսած բժիշկներուն համար այդ տեսակ ցույցեր չէր սարքված, ուսուցիչ մը այսքան փառասեր չէր կրնար ըլլալ, կը մտածեր խանին տերը։ Երբեք չգուշակեց իր հյուրին ինչ տեսակ մարդ ըլլալը, վերջերս շատ էր լսած հեղափոխականներու մասին, բայց նայելով Բուրբոնյանի հասակին, որ շատ կարճ էր, խանին գեղջուկ տերը չէր կրնար կարծել, որ այդ հասակով հեղափոխական կրնար ըլլալ։ Անիկա կերևակայեր տիտանյան հասակ, սադայելական նայվածքներ, սարսափելի ձայն մը, որ քարայրի մեջ հնչող պղինձի նմաներ և անպայման մեկ քանին պետք էր մինչև այդ ատեն ծեծ կերած ըլլային իրմե։

Իրիկունը, երբ անիկա դոկտորին տված բոլոր պատվերները երկյուղածորեն կատարեց՝ հանդգնեցավ մոտենալու իր հյուրին, որուն համար վաղը զանգակները պիտի ղողանջեին։ Անիկա հազալով և վիզը քորելով մոտեցավ դոկտ. Բուրբոնյանին, որ ատեն դոկտորը պեխերը կոլորեր։

— Դոկտոր էֆենտի, ուրիշ պատվերներ ունի՞ք։

— Ոչ։ Այս խանը քու սեփականությո՞ւնդ է, հարցուց հանկարծորեն։

— Ձեր շնորհիվ, պատասխանեց գեղջուկը, բայց սարսափած, որ մի գուցե անհարմար ըլլար շիտակ խոսիլը։

— Կարգվա՞ծ ես, մանուկներ ունի՞ս, լավ դրամ կը շինես, հը՞։ Ինչպե՞ս է գործդ։

— Լավ է, շատ լավ է, էֆենտի, բայց ասկե առաջ շուները համ չէին տար։

— Հիմա ինչպե՞ս են, թերպիե եղան, չէ՞։

— Հիմակուհիմա ակռա չեն կրնար սեղմել, կըսեն որ մեր ֆիտայիները եկած են Ստամբոլ և գործը լավ կերթա։

— Այո, եկած են, բոլորն ալ ցրված են երկրի չորս կողմերը։ Ես ալ եկած եմ հոս, ես բոլոր ժանդարմներուն քիթը կոտրեցի, ես ահավոր չարչարանքներ քաշած եմ, բանտերուն մեջ պիտի փտեի, այլևս դուք ազատ եք, ես ազատությունը բերի այստեղ, չըլլա, չըլլա որ շուներուն մեկ խոսքին ականջ