Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կախեք, եթե անոնք համարձակին որևէ իրենց նախկին սովորություններեն կրկնել՝ ես հոս եմ, ես հոս եմ։ Հետո դոկտ. Բուրբոնյան շարունակեց պատմել խանին միամիտ տիրոջը իր ավելի ճոխացուցած հեղափոխական-հերոսական սխրագործությունները, որոնց խանին տերը մտիկ ըրավ ապշությամբ և երկյուղածությամբ, բայց երբ դոկտորը դիմեց իր պատմությանց փոքրիկ մանրամասնությանց, խանին տերը, որ առավոտեն մինչև իրիկուն հոգնած էր, սկսավ քնել, բայց երբեմն ընդոստ կը ցատկեր, երբ դոկտորը կը կրկներ իր ժանդարմներուն և զանազան զինվորականներուն հետ ունեցած կռիվներ ու աղաղակները։

— Հե՛յ, էշշեկ հերիֆ, ես կր պատմեմ և դու կը քնանա՞ս, այդպես է, որ շուները ձեզ կը հալածեն, երբ չես կրնար լսել ազատագրության հրաշալի պատմությունները, գնա՛, կորի՛ր այս տեղեն, սաստեց դոկտորը հոգնած խանին տիրոջը, որ ոտքի ելավ,— ներողություն կընեք, էֆենտի,— ըսավ և գնաց քնանալու։

— Հեղափոխական է եղեր, եզրակացուց ինքնիրեն։

Գիշերն ամբողջ կեցցեներու և ծափահարությանց ձայներուն ունկնդրեց Բուրբոնյանը։

Հաջորդ առավոտ իր պատվերին համաձայն ետ եկավ իր ղրկած շինական պատգամավորը և լուր բերավ որ մինչև անգամ պետք չկար ընդունելության կանխավ թելադրությանը։

— Երբ խոսքս բացի, որ դուն պիտի մտնես Չմշկածագ, դոկտոր էֆենտի, ըսավ շինականը, ամբողջ մեծավորները թունդ ելան, դոկտոր էֆենտի, ավելորդ էր ըսելս թե դուն կուզես, որ քեզ մեծ շքով դիմավորեն — դոկտոր էֆենտի, ամբողջ քաղաքը իրար խառնվեցավ, դոկտոր էֆենտի, երբ առաջնորդին քով գացի լուր հաղորդելու, դոկտոր էֆենտի, դեղնեցավ մնաց, դոկտոր էֆենտի, անմիջապես կանչեց բոլոր թաղականները, դպրոցներուն տեսուչները, քահանաները և պատվիրեց որ տոնախմբության պատրաստ ըլլան, դոկտոր էֆենտի, ալ ինչ ըսեմ, դոկտոր էֆենտի, ամենքն ինձ պատիվ կուտային, որովհետև ես բաղդը ունեցա առաջին անգամ հաղորդելու լուրը, դոկտոր էֆենտի, ես քու ոտքերուն ղուրպան, դոկտոր էֆենտի։