Երբ շինականը կը խոսեր, դոկտոր Բուրբոնյանը կոկոզավիզ դունչը երկինք ցցելով՝ իր պեխին հետ կը խաղար, աշխատելով ստորակետներու ուղղությունը պահել և հասցնել մինչև իր բիբերուն դեմ դիմաց։
— Առաջին անգամ, որ գացիր, ի՞նչ ըսիր, հարցուց մեկեն ի մեկ մեր հերոսը։
— Դոկտոր էֆենաի, ըսի որ դոկտոր էֆենտին կուգա, դեմ եկեք։
— Չհարցուցի՞ն քեզի թե ո՞ր դոկտոր էֆենտին է։
— Երբեք, դոկտոր էֆենտի, ի՞նչ համարձակությամբ։
Դուրսը արդեն հիվանդներու պոչը ավելի կերկարեր և խանին տերը հազիվ համարձակությունն ունեցավ գալու և հայտնելու։ Սովորություն կար Հայաստանի գյուղերու և ետ ինկած քաղաքներուն մեջ, որ երբ բժիշկ մը կը հայտնվեր, բոլորը կը փութային ինքզինքնին քննել տալ — հիվանդ կամ ոչ հիվանդ և կամ կարծեցյալ հիվանդ։ Բուրբոնյան ամենեն շատ հանդիպեցավ այս սովորության, որուն կը համբերեր մեծ հաճույքով։
Ինչպես մենք տեսանք, Բուրբոնյանը հազիվ տարի մը մնաց բժշկական ֆակուլտետին մեջ և չէր կրնար տարրական լուծողականի մը դեղագիրը պատրաստել և որպեսզի առաջքը առներ այս անհարմարության, անիկա ստիպվեցավ խորապես հավատալ առանց դեղի բժշկության մեթոդին։ Իրեն այցելող բոլոր հիվանդներուն բազկերակը կը նայեր, սիրտը մտիկ կըներ և մեկ երկու վայրկյան խորհելե հետո, կըսեր.
— Օրական երեք անգամ մսի ջուր խմե, կամ օրական երեք անգամ բացօթյա պտույտներ ըրե, կամ՝ միս մի ուտեր, կամ՝ կը թելադրեր հավկիթ, մածուն ուտել և կաթ խմել և զանազան այս տեսակ գյուղացիները ապշեցնող բժշկություններ։ Ծանր հիվանդներուն չէր այցելեր, պատճառաբանելով, որ ժամանակ չունի, թե ազգային հեղափոխական գործը երեսի վրա կը մնա, իսկ վիրաբուժության համար՝ գործիքները դժբախտաբար հետը չէր առած։
Հիվանդները քննելե հետո, կեսօրին ճամփա ելավ դեպի իր ծննդավայրը։