Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճիրաններուն մեջ խեղդվող իր ընկերներու լուրը. անիկա «Ազատամարտ»-ի մեջ կարդաց. «Մի ժողովուրդ մեղադրական նստարանի վրա» հոդվածաշարքը, ուր անծանոթ հեղինակավոր մարդ մը կը պատմեր հարյուրավոր ռուսահայ մտավորականներու ձերբակալումը։ Ամբողջ գիշեր մը չկրցավ քնանալ այդ հոդվածաշարքի ընթերցումեն հետո, նույնիսկ գիշերը զառանցեց.— կը բռնեն, կը դատապարտեն, կը կախեն, ողջ-ողջ կը թաղեն։— Առավոտ, երբ արթնացավ, Հողե գյուղին մեջ էր (15 տունով գյուղ մը)։ Կանչեց այնտեղի մեծերը, թաղականները և քահանան և հրամայեց հավաքել բոլոր գյուղացիները բողոքի ցույց կազմակերպելու համար ընդդեմ ցարիզմի բռնություններուն։ Բոլորը հնազանդեցան, որովհետև դոկտ. Բուրբոնյանը առաջին հեղափոխականն էր, որ կը մտներ Հողե գյուղը։

— Ըսեք բոլոր գյուղացիներուն, որ հավաքվին եկեղեցիի դռան առջև, ով որ անհնազանդ գտնվի, գլուխը կը թռցնեմ։

Երկու ժամեն բոլոր գյուղացիները հավաքված էին եկեղեցիի դռան առջև։ Բուրբոնյանը եկեղեցիի կողքին գտնված սենյակե մը դուրս եկավ, բարձրացավ ժամուն բակը գտնված «բարեբար»-ի մը բարձր գերեզմանին վրա և սկսավ խոսիլ։

Ճառը երկար էր և շատ հուզված։ «Մի ժողովուրդ մեղադրական նստարանի վրա» հոդվածաշարքի պարունակությունը ծայրե ի ծայր պատմեց և կոչ ըրավ.— բողոքի ձայն բարձրացնել ռուսահայ եղբայրակից մտավորականներու համար, որոնք ռուսական սարսափելի բանտերու մեջ կը տառապեին, ձայն բարձրացնել ահարոնյաններու, օհանջանյաններու, իսահակյաններու համար։

Հողե գյուղացիները անգիտակ ըլլալով «բողոքի ձայն բարձրացնելու» մասին, սկսան որոտընդոստ և աղմկալից աղաղակել.

— Անկցի՜ ռուսական ցարիզմը, անկցի ռուս թագավորն ու բռնապետական կառավարությունը։

Այս աղմուկներուն մեջ դոկտ. Բուրբոնյանը իր գրպանեն հանեց թուղթ մը և մատիտ մը և խմբագրեց հետևյալ բողոքի «սուր բանաձևը». «Մենք, Հողե գյուղի հայ բնակիչներս,