բուռն կերպով կը բողոքենք ռուսական բռնակալ կառավարության կողմե մեր հայրենակից մտավորականներու հանդեպ ի գործ դրված տառապանքներուն և անլուր չարչարանքներուն համար։ Կուխտենք անոնց վրեժը չմոռնալ մեր կյանքին մեջ և հատուցանել ինչպես որ հարկն է։
Անկցի՜ ոուս ցարիզմը,
Կեցցե՜ Հայ հեղափոխությունը։
Հողե գյուղի հայ բնակիչներու կողմե ԴՈԿՏ. ԲՈՒՐԲՈՆՅԱՆ»։
Այս բողոքի հեռագիր-բանաձևը լրացնելե հետո՝ դարձյալ բարձրացավ գերեզմանին վրա։ Աղմուկները լռեցին, անիկա կարդաց։ Ժողովուրդը կրկնեց.
— Անկցի՜ ռուս ցարիզմը։
— Կեցցե՜ Հայ հեղափոխությունը։
Երկու օրինակ գրվեցավ այդ հեռագիր-բողոք-բանաձևեն, մեկը ուղարկվեցավ «Ազատամարտ»-ի խմբագրության, իսկ մյուսը Հ. Հ. Դաշնակցության Պոլսո պատասխանատու մարմինին։ «Ազատամարտ»-ի խմբագրությունը հարմար դատեց «կուխտենք այդ վրեժը չմոռնալ մեր կյանքին մեջ և հատուցանել ինչպես որ հարկն է» խոսքերը հրատարակության չտալ։ Այդ գիշերը դոկտ. Բուրբոնյանը շատ գոհ էր, որովհետև անիկա խորագույն հավատքն ուներ, որ իր եղբայրակիցներուն ցավը կը մեղմանար, և այդ օրեն սկսյալ ցարիզմը լրջորեն նկատի կառնե Հողե գյուղի զայրույթը։
Դոկտ. Բուրբոնյան շարունակեց իր ճամփորդությունը ավելի և ավելի գունավորելով և խտացնելով զայն։ Անիկա կը գտնվեր Այնթապի մեջ, երբ Կիլիկյան եղեռնը պատահեցավ։ Բուրբոնյանը արդեն մեծ անուն հանած էր Անատոլուի գավառներուն մեջ իբրև հեղափոխական պրոպագանդիստ։ Անիկա մյուսներուն նման իր վարկը և հմայքը չկորսնցուց իբրև հեղափոխական, որովհետև մեկ վայրի մեջ չմնաց, գիսավորի պես երևցավ և անցավ։ Շատ մը տեղեր նույնիսկ փորձեր եղան զինք ղրկելու Օսմանյան պառլամենտ, բայց տարիքը և օրինական պայմանները չներեցին։ Ադանայի ջարդերու լուրը առավ թե ոչ, փութաց մեկնիլ դեպի եղեռնի վայրը։ Անիկա ցուցուց խոշոր ծառայություն խեղճ հայ ժովուրդի