Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ազատամարտ»-ի խմբագրություն

(Խիստ գաղտնի)

Որովհետև շշուկներ կան, որ Տիգրանակերտի մեջ ոճրածին գանկեր կը հղանան միևնույն հայկական աղետը ի գործ դնել, ես պարտք կը համարիմ իմ հեղափոխական անվանս համար անմիջապես մեկնիլ Տիգրանակերտ: Վստահ եղեք որ ես կը զսպեմ բոլոր ոճրական մտքերը և կը հաստատեմ խաղաղություն և արդարություն: Շուտով ղրկեցեք այնտեղ հեղափոխական զինվորներ իմ հրամաններուս անսալու համար: Մենք կը կռվինք և կը հաղթինք:
ԱՐՔԱՅԱԶՆ

Երբ Տիգրանակերտ հասավ դոկտոր Բուրբոնյանը, անոր հանձնվեցավ շտապողական հեռագիր մը, որուն մեջ իրեն հրաման կըլլար անմիջապես մեկնիլ դեպի Սեբաստիա շատ կարևոր առաքելությամբ մը, զոր այնտեղ պիտի հայտնվեր իրեն։

Դոկտ. Բուրբոնյանը այս հեռագիրը կարդալուն պես փութաց ճամփա ելլել փոքրիկ չափով մը իսկ չկասկածելով, որ Սեբաստիա գործ չի կար և Տիգրանակերտեն զինքը հեռացնելու պատճառը իր սասանեցուցիչ հեռագիրն էր, որ ինքը հղած էր «Ազատամարտ»-ի խմբագրության ծանուցանելով իր Տիգրանակերտ գալուն պատճառը։ Բայց նախքան Տիգրանակերտեն մեկնիլը՝ կանչեց իր ընկերները, որոնք մեծ հարգանք կընծայեին ի հիշատակ իր առաջին մուտքին, և պատմեց անոնց Տիգրանակերտի մեջ կատարվելիք կոտորածի շշուկներու մասին, և որովհետև ինք հեղափոխական գործով պետք էր մեկներ Սերաստիա, ինքնապաշտպանության և հերոսական դիմադրության գործը կը թողուր անոնց։ Ընկերները երբեք չմտածելով հավաքական կոտորածի մասին, ահաբեկման ենթարկվեցան և իրենք իրենց մեջ ստեղծեցին խուճապ։ Այդ գիշեր զանազան տուներ երիտասարդներուն մեջ փսփսուքներ կային և վախ ու սարսափի նշաններ։

Դոկտ. Բուրբոնյանը անմիջապես մեկնեցավ Սեբաստիա։ Ճանապարհին անիկա մեծ մտահոգության մեջ էր, թե ինչպես պիտի դիմավորեին ընկերները, թե ինչ հրդեհներ