պիտի պատահեին և ինչ հերոսական երևույթներ տեղի պիտի ունենային։ Անգամ մը լրջորեն մտածեց ետ դառնալ և մասնակցիլ ինքնապաշտպանության և ռազմական ընդունակությունները երևան հանել, բայց մտածեց, որ թերևս Սեբաստիո մեջ ավելի կարևոր գործ մը կսպասեր իրեն։
Մալաթիայեն հեռագրեց «Ազատամարտ»-ի խմբագրության հետևյալը.
- Որքան որ ձեր թելադրանքներուն համաձայն ես ճամփա ելա Տիգրանակերտեն, բայց պետք եղած թելադրությունները և ռազմական հրահանգները տվի ընկերներու ինքնապաշտպանության համար: Հիմա արդեն կռիվը սկսած կըլլա, և իմ այցելությունս օգտակար կը հանդիսանա ընկերներուն:
«Ազատամարտ»-ի խմբագրատունն ալ մատնվեցավ խուճապի, որովհետև Բուրբոնյանը կը հեռագրեր, որ «Հիմա արդեն կռիվը սկսած կըլլա», և հեռագրողը քանի մը օր առաջ գտնված էր Տիգրանակերտի մեջ։ «Ազատամարտ»-ի խմբագրությունը դիմեց Հ. Հ. Դ. Կ․-ի Պոլսո պատասխանատու մարմնին այս առթիվ։ Մարմինը ստիպվեցավ հեռագիր քաշել Տիգրանակերտի իրենց կոմիտեին «օրվան կացությունը անմիջապես տեղեկացնելու»: Այս հեռագրին ի պատասխան Տիգրանակերտի «Սուր» կոմիտեն հեռագրեց հետևյալը.
- Առայժմ հանգիստ ենք և խաղաղ:
4
Դոկտ․ Բուրբոնյանը կամաց-կամաց զգաց, որ այս հեղափոխական-պրոպագանդիստի կյանքեն բան մը դուրս չը գար,— երևակայեց ավելի գործնական միջոցներ ձեռք առնել ավելի օգտակար ըլլալու համար։ Անիկա մտածեց բանակ կազմել և միշտ ունենալ այդ բանակը ձեռքի տակ։
Բայց այդ բանակը ինչի՞ համար։
Դոկտ. Բուրբոնյանը այս բանակի մասին պահեց արտասովոր գաղտնապահություն, բայց պարզ էր անոր հոգեբանությունը։