Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղավ, աչքը դեպի նավահանգիստը հառած մնաց և մեկ հատ կամավոր չժամանեց։ Դոկտոր Բուրբոնյանը շարունակեց Պոլսի փողոցները պտտիլ զինվորական ուսադիրներով։ Պոլիս ժամանելեն մեկ քանի շաբաթ հետո՝ իր ուսադիրներուն վրա նշանները փոխեց՝ կամովին բարձրացնեքով իր զինվորական աստիճանը, օրտու գումանտարիին այն խոսքին վրա, որ «մեկ քանի շաբաթ հետո՝ մենք կը բարձրացնենք Ձեր աստիճանը»։ Երբեք կարելի չէր ըսել թե առանց պատերազմի մեջ մտնելու անիկա իր աստիճանները բարձրացուց, որովհետև Բուրբոնյանը կը գտնվեր գործնական և արյունալի պատերազմներու մեջ։ Անիկա կռիվ կը մղեր և հաճախ կը հաղթեր, անիկա իր բանակով գրոհ կուտար իտալական զինվորներուն վրա և անոնց ստիպել կուտար անպատիվ նահանջել։ Քանի անգամներ վերք ստացավ, եկավ հիվանդանոց, թուրք հանըմներ իր վերքը լվացին, դեղեցին և կապեցին, ինք ճառ խոսեցավ անոնց, որ «կարող էր սրտեն վերք առնել և չմեռնիլ, անգամ մը ևս թշնամիին կուրծք տալու համար»։

Պոլսի դաշնակցական պատասխանատու մարմինը իզուր կը ջանար արգիլել Բուրբոնյանին կռիվ չհայտարարել Իտալիո դեմ։

Պատասխանատու մարմինն ալ նվազ տառապանքի և երևակայության մեջ չէր։ Բուրբոնյանի նման խելացնորի բաղձանքը նյութ դարձուց «սկզբունքային հսկայական» վիճաբանության, ցնցվեցավ, ջղայնացավ, մերթ լրջորեն խորհեցավ, մերթ թեթևորեն, առանց վայրկյան մը իսկ անդրադառնալու, որ կամավորներ չկային և Բուրբոնյանի կամավոր երթալը թրքական խարխուլ նավի մը վրա դեպի Տրիպոլսի ափերը՝ Իտալիան չէր կարող հուզել և շփոթության մատնել։ Պատասխանատու մարմինը թողուց իր բանն ու գործը և բոլոր ժողովներու օրակարգի նյութ դարձուց «ընկեր Արքայազնի պատերազմի մասնակցելու հարցը»։ Հեռագրվեցավ Ժընև և Կովկաս, պատասխան ստացվեցավ. «Խստիվ արգելել հայկական բանակ ուղարկել իտալական բանակներսւ դեմ»։

Այս վիճաբանություններն ու հուզումները տակավին շատ պիտի երկարեին և ստանային անիմանալի ծավալ և