Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բուրբոնյանը իր ուսադիրները պիտի փութար փոխել զինվորական ավելի բարձրագույն աստիճաններու, եթե չպատահեր բարեբաղդ դեպք մը.— Թուրքիան պարտվեցավ և հաշտություն կնքվեցավ Իտալիո հետ Տրիպոլսի կորուստով։ Այդ բարեբաղդ դիպվածեն ոչ այնքան իտալական պատերազմական հրամանատարությունը և Թուրքիո պատերազմական նախարարությունը հանդարտեցան, որքան Հ. Հ. Դաշնակցության Պոլսո պատասխանատու մարմինը և խեղճ Կարոն, որ ամեն գիշեր Բուրբոնյանի սենյակին մեջ գավազան մը ձեռքը (իբրև հրացան) Բուրբոնյանի հրամանները կը գործադրեր մերթ պառկելով անկյունը և նշան առնելով պատեն կախված պատկերներուն, որոնք կենթադրվեին իտալական բանակները ըլլալ և մերթ ցատկելով Բուրբոնյանի «մարշ» աղաղակեն՝ վար կը բերեր բոլոր պատկերները իբրև հաջող հարձակողականի մանյովր։

Ահա Կարոն իրիկվան ընթրիքեն հետո կանգնած է Բուրբոնյանի սենյակին մեջ։ Բուրբոնյանը արծաթ կոթով մտրակը ձեռքը, վերեն վար զինվորական շորերը հագած, դիտակը կախած ուսն ի վար, սուրին և ատրճանակին կաշիները բոլորը իր տեղը առանց սուրի և ատրճանակի, ինչպես այրի կին մը, հանկարծ կը պոռա.

— Պատրա՛ստ...

Կարոն կը փութա ձեռք առնել գավազանը, որ ատեն Բուրբոնյանը դիտակը կը հանե և կը դիտե ուշի-ուշով դեպի թշնամու բանակը — պատերը, պահ մը դիտելե հետո՝ կը պոռա.

— Մա՛րշ...

Կարոն կը վազե մինչև դիմացի պատը, Բուրբոնյանը երբեք չմոռնար պատեն երկու քայլ մնացած հրամայելու՝ պառկի՛լ.— Կարոն կը պառկի և գավազանին ծայրը կը դըպցնե պատին։

Բուրբոնյանը դարձյալ կզբաղի դիտելու պատին վրա կատարված շարժումները իբրև թշնամիի հայտնի կամ գաղտնի շարժումներ և հանկարծ.

— Կրա՛կ, անդադար կրա՛կ... կը պոռա։

Կարոն շատ լավ կը հասկնար և կըմբռներ այս մարդկային