Բուրբոնյան Կարոյի այս խոսքին վրա բոլորովին ոգևորվեցավ և անմիջապես վճռեց օգտագործել իր ռազմական համբավը, որ անպայման տարածված կըլլար ամբողջ Անատոլիի մեջ, ի հաշիվ իր ապագա ծրագրին — հայոց թագավորության։
— Մեր ճիգերը իզուր անցան, բարեկամ Թուրքիան պարտվեցավ, բայց ես ուրախ եմ. մին կործանեցավ, բայց մյուսը կը ծնի։
— Ի՞նչ է այս մյուսը, հարց տվավ խոսակիցը։
Բուրբոնյանը պեխերը ոլորեց, հպարտացավ, փքվեցավ և իմաստություն համարեց չպատասխանել։
Մինչ Սեբաստիա հասնիլը՝ անոր երևակայության մեջ հայոց թագավորությունը կանգուն էր, միայն կը մնար «չնչին» ձևականությունները կատարել։ Սեբաստիայի մեջ, օր մը, հանկարծ Կարոյին դառնալով՝ ըսավ.
— Կարո, ինձ նայե, Բուրբոնյան թագավորություն, հը՞, ի՞նչպես է։
— Աղեկ չհասկցա, դոկտոր էֆենտի, միտքս ուրիշ տեղ էր, մրթմրթաց Կարոն։
— Տեր արքա ըսե, շունշանորդի, տակավին չմոռցա՞ր դոկտորը։
— Ներեցեք, վեհափառ, իմ խելքը ուրիշ տեղ էր, պատրաստակամ պատասխանեց Կարոն, գուշակելով որ Բուրբոնյանը կը ցանկանար կաթողիկոս ձեռնադրվիլ։ Կարոն հայոց թագավոր մտքեն անցնելու չափ հիմար չէր։
Բայց կամաց-կամաց Կարոյի համար պարզ եղավ իր տիրոջ որ հորիզոնները թևակոխած ըլլալը, և սկսավ լրջորեն մտահոգվիլ իր քաղաքական վիճակի մասին։
Սեբաստիայի մեջ մեկ քանի գաղտնի ժողովներե հետո՝ գահաժառանգ Բուրբոնյանը հայոց Արամյանց վարժարանի բակին մեջ հրապարակային միթինկ կազմակերպեց։ Նախքան միթինկը գահաժառանգը մտավ եկեղեցի և խոր աղոթեց, երբ եկեղեցիեն դուրս եկավ, անիկա թողած էր իր արագ շարժուձևերը, լուրջ և տժգունած, պաշարված էր ծանր խորհուրդով։ Անիկա կզգար, որ բավականին լուրջ և պատասխանատու գործի մը կը ձեռնարկեր։ Երբ Կարոն ձին մոտեցուց,