Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ մոտիկ ապագայի արքան ցատկե վրան, արքայազուն նշան ըրավ ձին հեռացնել և քալեց հետիոտն։

Մեծ բազմություն հավաքված էր հայոց Արամյանց վարժարանի բակը լսելու համար իրենց հին ծանոթ ճառախոսը։ Երբ անիկա մոտեցավ վարժարանի մեծ դռան, գլուխը կախ, բարձրանալու փայտե շինված բարձր պատվանդանի մը վրա, բազմությունը ապշանքով սկսավ դիտել անոր արտասովոր լրջությունը։

Գահաժառանգը բարձրացավ պատվանդանին վրա, ծանր և խորին նայվածքով դիտեց իր շուրջը և սկսավ... ճառա¬խոսել.

— Հայրենակիցնե՛ր, դարերը դարերու կը հաջորդեն, լեզուները՝ լեզուներու, ազգերը՝ ազգերու, ծովերը՝ ծովերու, պատերազմները՝ պատերազմներու, հրդեհները՝ հրդեհներու և... (քիչ մը կանգ առավ և տոնը բարձրացնելով) թագավորությունները կը հաջորդեն թագավորություններու։

— Թագավորություն կը նշանակե ըլլալ պատվավոր՝ դարերուն և ազգերուն մեջ, կը նշանակե ունենալ փառք և հարստություն, բանակներ և նավատորմիղներ, մղել պատերազմներ, ճակատ ճակատի գալ շրջապատած թշնամիներու հետ... կը նշանակե ապրիլ, կռվիլ և... չմեռնել։

Դոկտ. Բուրբոնյան գահաժառանգը այստեղ քիչ մը մտահոգվեցավ, որովհետև սպասած ծափահարությունը կուշանար։ Կարոն ամբողջ լսողություն էր կտրած հասկնալու իմաստը իր «տիրոջ» վերջին ցնորքներուն։

— Մենք, շարունակեց մեր ճառախոսը, կորսնցնելով մեր թագավորությունը, կորսնցուցինք մեր պատիվն ու փառքը, մենք պարտական ենք վերականգնել մոխիրներու տակեն մեր փառապանծ թագավորությունը, մեր սրբազան պարտքն է այդ։

Կարոն խորապես զգալով իր անձնական քաղաքական վիճակի վտանգը՝ անմիջապես ձին կապեց ծառի մը և կորսվեցավ ամբոխին մեջ։ Հասարակությունը սկսավ հարցականորեն իրարու նայիլ, բայց քիչ չէին նաև անոնց մեջ հայոց թագավորության ոգեկոչումով բոցավառվողները։ Բարձրացավ