մի երևույթ, որ չէր համապատասխանում նրա ներքին ցավագին զգացումներին։ Ուսանողները համաձայնեցին, և պրոֆ. Մելիք-Անդրեասյանը նշեց Արևմտյան Եվրոպայի այն կոնկրետ դեպքերը, որոնք պիտի հանդիսանային ուսումնասիրության օբյեկտներ։
Ուսանողների մեկնելուց հետո՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն սկսեց ապրել բարձրորեն ջղային մի վիճակ։
— Ահա կործանում եմ ինքս ինձ,— շշնջաց նա և լսեց իր շշնջոցը:
Սենյակում ոչ ոք չկար, Ելենա Բեգլարովնան արդեն երկրորդ երազն էր տեսնում։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պատկերացրեց իրեն այն միամիտ փայտահատը, որ նստած ծառի ճյուղի ծայրին՝ կացնով կտրում է ճյուղն արմատից, առանց մտածելու, որ, եթե կտրի և վերջացնի, ինքը պիտի ընկնի գետին։ Պրոֆեսորը բարձր ծիծաղեց իր վրա՝ թունավոր հեգնությամբ։
— Վերջ պիտի տալ այս բոլորին,— ասաց նա մտքում և նստեց գրասեղանի մոտ, գլուխն առավ երկու ձեռքերի մեջ և սկսեց մտածել։
Նա մտածում էր երկու բանի մասին՝ վերջ տալ այդ բոլորին, նշանակում էր կորցնել պատմության ամբիոնը, պրոլետարիատի դիկտատուրան չէր ների ոչ ոքի, որ խեղաթյուրեր պատմական անցքերը, ծռեր և ծամածռեր այն հստակ, պայծառ տեսությունը, որ կոչվում էր պատմության մատերիալիստական ըմբռնում։ Այս դեռ ոչինչ։ Այն երկրորդ կետը, որ նրան հասցնում էր ջղայնության գագաթնակետին, և ինքն իրեն չէր ուզում ներել, դա պատմության մատերիալիստական ըմբռնման որոշ ճշմարտությունն էր, որին իր մեջ մտնելուն չկարողացավ դիմադրել այն օրից, երբ նա սկսեց ուսումնասիրել այն՝ իր ամբիոնը պահելու պարզ մտադրությամբ։
Ե
Առավոտյան, Ելենա Բեգլարովնան գտավ, որ ամուսինն զգալի չափով նիհարել է, դեմքի վրա երևում էին տանջանքի հետքեր։