Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կաթողիկոսը երկարեց ձեռքը՝ պատրաստ անելով համբուրելու, բայց պրոֆեսորը սեղմեց այն և հեռացավ։

Վանքի բակում, մի ծառի թանձր և հաճելի ստվերի տակ կանգնած, պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանն ամաչեց ինքն իրենից։ «Ահա հնի սիմվոլը, ահա այն անձնավորությունը, որի մեջ պետք է բարձրացած լինեին հին հավատքի մարմարյա սյուների, բայց լիմոն, պահարան, բանալիներ մա․․․»— շշնջաց։

Նա հեռացավ ծառի ստվերից, մի քիչ առաջացավ և կանգնեց Լուսավորչի եկեղեցու ստվերի տակ։ Արդեն սկսվել էր միջօրեի խեղդիչ տապը։

Աղեխարշ, ողբագին մի լռություն էր չոքել ամբողջ վայրում, շրջապատը նման էր վիթխարի մի դամբարանի, որի մեջ նայում է արևը՝ նախքան հողը թափվելը։

Տապ։ Ամառային միջօրե։ Արևը, հնոցի նման, կրակ էր մաղում։

Պրոֆեսորի սիրտն սկսեց տոչորվել արարատյան լայնաբաց և հակինթյա հրդեհում։ Մի շուն, մազերը տեղ-տեղ թափած, պառկել էր մի ծառի շվաքի տակ, լեզուն դուրս ձգած։ Հավերը կախ էին գցել թևերը։ Բակում կային մարդիկ, բայց չէին խոսում։ Նստարանների վրա նստած մարդիկ մինչև անգամ իրար երես չէին նայում, լուռ էին։ Լուռ էին նրանք մեռելների նման։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանր մտավ եկեղեցի։

Հինավուրց գանձարանը բաց էր։ Պրոֆեսորն առաջացավ դեպի գանձարանը։ Մարդկային հոգու փրկությանը նվիրված այս եկեղեցուն կից կառուցված գանձարանը լեցուն էր գույնզգույն, վառվռուն մետաքսներով, արծաթով, ոսկով և ադամանդներով։

Ահա մի ոսկյա թև, բթամատն ու մատնեմատը իրար կպցրած։ Լուսավորչի աջն է՝ պարուրված ոսկով։ Մի պառավ կին կռացած՝ մաշած և դեղնած, մոտենում է, համբուրում ոսկին և խաչակնքում։ Պրոֆեսորի աչքին խփում է Լուսավորչի աջի կողքին դրված մոմապատ, կեղտոտ գանձանակը։ Պառավը հեռանում է առանց փողի մի փոքրիկ բեկորով հրճվեցնելու գանձանակի փորը։