— Լուսավորչի աջն է,— ասում է պրոֆեսորին մի վարդապետ, որ հսկում է հավատացյալներին՝ գողություն չանեն։
Վարդապետը խոսքն ուղղում է հատկապես պրոֆեսորին, որովհետև նրա դեմքի վրա նշմարում է թեթև հեգնական ժպիտ։
— Գիտեմ,— պատասխանում է պրոֆեսորը։
Նրա պատասխանի տոնը զգացնել է տալիս վարդապետին, որ ինքն ավելի լավ գիտե այդ, քան նա։ Պրոֆեսորն ուշի-ուշով նայում է վարդապետին, որը, թվում է պրոֆ. Մելիք-Անդրեասյանին, աղավաղված մի նախադասություն է, որից չի կարելի որևէ իմաստ դուրս բերել, ամենաշատը մի ծամածռված անճոռնի բովանդակություն։
Բայց հայր սուրբը սիրալիր է։ Մոտենում է նա ոսկեհուռ և ադամանդակուռ մի տուփի, խաչ հանում, բայց անում և ասում․
— Սա այն գեղարդն է, որով ծակեցին Քրիստոսի կողը։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը լուռ է, անշարժ, նրա կողքին կեցող մի ծերունի հավատացյալ դողում է վարդապետի հայտարարությունից, նրա հոգին սարսուռ է զգում, իսկ պրոֆեսորը մտածում է. «Ո՞ր սաղիմացի վաճառականն արդյոք բերել է երկաթի այդ կտորը և մեծ գնով ծախել հայոց Մայր Աթոռին, բայց այդ վաճառականը մի անգամ է խաբել, իսկ Էջմիածնի վանականները դարեր խաբել են միամիտ ժողովրդին»։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը դուրս եկավ գանձարանից և մտավ եկեղեցու ներսը։ Մի ուրիշ վարդապետ մկրտություն է անում։ Ավազանի ջուրը կեղտոտ է, բայց չի կարելի փոխել — սուրբ է։ Զանազան հիվանդություններ ունեցող մանուկներին կոխում են միևնույն ջրի մեջ, վարակում են իրար։ Մկրտող վարդապետը, ծուլությունից հոգնած, մի երգ է թափում միրուքից վար, սրբում է երեխաներին սկզբնական մեղքից, այն առաջին մեղքից, որ այրում է կենդանական և բուսական ողջ օրգանական աշխարհը։
Պրոֆեսորն ուշի-ուշով դիտում է հին արվեստագետների գործերը՝ խորանի առաջամասի մարմարների վրա նկարված