Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շենքի տակ հպարտությամբ կանգնած սյունը, և առաջին հայացքից ներշնչում է նա ֆիզիկական, սև աշխատանքի հերոսը, եթե իմացականությամբ շողշողուն աչքերը չճառագայթեին նրա ողջ կերպարանքի վրա։

Երկար չի տևում, և ահա խոսակցությունը դառնում է Էջմիածնի նյութական կուլտուրայի մնացորդների մասին։

— Դեռևս ուսումնասիրված չեն,— ասում է ճարտարապետը՝ հակառակ իր սեփական թանկագին ուսումնասիրությունների գոյության։

— Այդ բոլորի ոճը մեզ այժմ կարող է աջակցել ստեղծելու...

Ճարտարապետը չի թողնում, որ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը շարունակի։

— Այդ ոճը մեզ ոչ մի աջակցություն չի կարող ընձեռել, այդ ոճը թաղվել է նրան ստեղծող հասարակության հետ, մինչև անգամ մենք այժմ չենք կարող այդ ոճով եկեղեցի կառուցել, եկեղեցական ոճն անգամ ամեն մի դարաշրջանում փոխվել է։

— Էլի փոփոխման օրենքը,— ասաց պրոֆեսորն իր մտքում և շարունակեց լսել ճարտարապետին, որի ձայնը, կարծես, ճարճատում էր գիշերվա ծոցում։

— Բայց չէ՞ որ դուք մեծ ոգևորությամբ ուսումնասիրում եք,— ասաց պրոֆեսորը։

— Այո, ուսումնասիրում եմ իբրև պատմություն։

— Իսկ նրանց ուսումնասիրությունը ոչնչո՞վ պիտանի չէ մեզ ժամանակակիցներիս համար։

— Դա ուրիշ հարց է։ Այո, շատ պիտանի է տեխնիկայի տեսակետից, եթե այժմյան կառուցող ճարտարապետն իմանա, թե ինչպես գմբեթները կանգնած են, թե ինչ շաղախով են դիմանում պատերը երկար դարեր, եթե իմանա, թե նյութերի ինչ հարակցություն գոյություն ունի, նրա արվեստն ավելի կազնվանա, բայց ո՞ճ, ոճն անդարձ թաղված է, պրոֆեսոր։

— Չե՞ք ցավում, ճարտարապետ։

— Ի՞նչ բանի համար:

— Անդարձ թաղված լինելու համար։