Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մենք մարդիկ ենք․․․— մրմնջաց Մելիք-Անդրեասյանը և լռեց։

Նրանք բարձրացան դեպի բլուրը։ Աշնանավերջի երեկոներից մեկն էր, բլուրի վրա տարածված պարտեզների ծառերի մեջ արդեն դեղնած և կարմրած տերևներ կային, կային և տերևներ, որոնց քամին քշել բերել էր և ձգել ճանապարհի վրա, մարգերը փայլում էին իրիկնային վարդագույն շողերի տակ, ծառերի նվագը բարձրանում էր և փշրվում քաղաքի վրա՝ վերևից թափվող արևի ճաճանչների նման։

— Ոչ մի փոփոխություն առանց ցավի չի կատարվում,— վերսկսեց խոսակցությունը Մելիք-Անդրեասյանը,— բայց փոփոխություն հարկավոր է։

Վերջին նախադասությունը նա արտասանեց ընդգծված տոնով։

— Նայած ինչ չափի,— ավելացրեց Տեր-Մինասյանը։

— Շորերը հնանում են, կեղտոտվում, հարկավոր է փոխել, նորերը հագնել,— ասաց Մելիք-Անդրեասյանը։

— Նորից, ես կարծում եմ, դուք սխալ անալոգիա եք անում, շորերը տարբեր են, մտածողությունը՝ տարբեր։

Մատերիան ինքը փոխվում է, հազար ու մի արտահայտություններ ստանում առանց ձեր կամքը հարցնելու, մաշվում են շորերը, վերածվում այլ ձևի, դա մատերիան է։

— Շորերը մատերիա է, այո, իսկ մի՞տքը, մտածողությունը, պրոֆեսոր։

— Ուղե՞ղը ուզում եք ասել, պրոֆեսոր,— հարց տվեց Մելիք-Անդրեասյանը:

— Այո՛, ուղեղը։

— Չէ՞ որ ուղեղն էլ մատերիա է, նյութերի որոշ քանակությունների բախտավոր միացումը, և մտածողությունն այդ նյութերի, որոշ պայմաններում և որոշ ձևերում, միացման արտահայտությունն է։

— Հասկացա, ձեր ասածը տանձն է, պրոֆեսոր, դա վուլգար մատերիալիզմն է, մենք ևս կարդում ենք, պրոֆեսոր,— պատասխանեց Տեր-Մինասյանը, վերստանալով իր սուր հեգնանքի շեշտը։

Մելիք-Անդրեասյանը զայրացավ։