— Առհասարակ փոփոխությունն ընդունո՞ւմ եք թե ոչ,— հարցրեց նա։
— Այո՛, իսկ ես արդեն ասացի` գոյություն ունի չափ։
Մելիք-Անդրեասյանն ուզեց խոսել, բայց Տեր-Մինասյանը շարունակեց.
— Բացատրեմ միտքս։ Ես ձեզ չեմ մեղադրում, որ դուք ենթարկված եք մեծ, ես կասեի, հսկայական փոփոխությունների. ձեր մասնագիտությունը, Արևմտյան Եվրոպայի պատմությունը, այնքան էլ մեծ ցավեր ձեզ թերևս չի պատճառի, և չի պատճառել, չափազանց հեռու է այդ առարկան ձեր հոգուց։ Ներեցեք,— ավելացրեց Տեր-Մինասյանը, երբ տեսավ, որ Մելիք-Անդրեասյանն ուզում է խոսել,— ես այն կարծիքը չունեմ, որ գիտական մտքի համար կան օտար առարկաներ, բայց այնուամենայնիվ, Արևմտյան Եվրոպայի պատմությունը նման չէ հայոց հնագույն գրականության պատմության, այստեղ խնդիրն այլ է, այստեղ ամեն մի բառ կապված է մարդու, հայ մարդու, ուզում եմ ասել, արյան գնդիկների հետ, և ամեն մի փոփոխություն բուռն ռեակցիա է առաջացնում. այլ է, պրոֆեսոր, վստահացնում եմ ձեզ, բոլորովին այլ է Անգլիայի՝ Հնդկաստանը գրավելու պատճառների որոնումը, տնտեսական շարժիչ ուժերի մատնանշումն այդ գրավման մեջ, այլ է Խորենացու, Բյուզանդի թողած ժառանգության, սրբազան ժառանգության ինչ-որ մատերիալիստական վերլուծությունը։ Նախ և առաջ այս բոլորը թաղված է պատմության ամենահեռավոր խորության մեջ, և չի կարելի բռնազբոսիկ կերպով որոնել ու գտնել ինչ-որ տնտեսական պատճառներ։
Պրոֆ. Տեր-Մինասյանի ձայնը դողում էր, երկյուղածությամբ և խորագույն հարգանքով արտասանելով հին պատմության անունները։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, չնայած Տեր-Մինասյանի խոսքերի իր վրա արած որոշ ազդեցության, չնայած իր զգացած ջերմացնող և հոգին խաղաղեցնող թախծին՝ բուռն կերպով բողոքեց, որ Արևմտյան Եվրոպայի պատմությունը մասնագետի համար այնքան նվիրական չէ, որքան հայոց հին գրականության պատմությունը։ Նա հիշեց և անկեղծորեն