Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու տխրությամբ վերապրեք այն մորմոքը, որ կրեց նա Նապոլեոն Բոնապարտի մասին իր կազմած տարիների հաստատ տեսակետը փոխելու կապակցությամբ։

Պրոֆ. Տեր-Մինասյանը չհավատաց նրան։

— Այս բոլորի մեջ կա դիրքը չկորցնեըու մտահոգություն, պրոֆեսոր, եկեք բոլորս էլ խոստովանենք,— ասաց Տեր-Մինասյանը և անմիջապես ավելացրեց,— ես ոչ ոքին չեմ մեղադրում, այնուամենայնիվ։

— Իսկ դուք ինչո՞ւ չկորցրիք ձեր դիրքը,— հարցրեց Մելիք-Անդրեասյանը, ինքն էլ իր կարգին դիմելով հեգնանքի։

— Սպասեցեք և կտեսնեք, մի՛ շտապեք։

— Ահա անցել է այս քան տարի։

— Արևմտյան Եվրոպայի պատմությունն ավելի զգայուն կետ է, քան թե հայոց հնագույն գրականության պատմությունը, բայց կհասնեն և դրան, մի շտապեք։

— Ուրեմն, եթե հասնեն դրան, դուք ևս կհավատաք փոփոխման անփոփոխ օրենքին, պրոֆեսոր, արդյոք դուք կմեղադրե՞ք ձեզ այն ժամանակ։

— Չգիտեմ ինչ կանեմ, բայց առայժմ շարունակում եմ երկրպագել հին աստվածներին,— պատասխանեց Տեր-Մինասյանը, խոր հոգոց հանելով և բլուրից դիտելով անհուն դաշտը և դաշտը եզերող արդեն մռայլած լեռնաշղթան ու միևնույն դաշտում ծովացած կապույտ մշուշը, որին սրաթև ճեղքում էին էլեկտրական լամպերը։ Բլուրի վրա սուր կերպով զգալի էր փշենու և աշնան բանջարեղենի թարմ բուրումը։

Նրանք ետ դարձան բլուրից։ Երբ մի քիչ առիթ եղավ Մելիք-Անդրեասյանի համար ինքն իր մեջ ամփոփվելու, եկավ այն եզրակացության, որ պրոֆ, Տեր-Մինասյանի կարճ ակնարկության մեջ կար շատ ճշմարտություն՝ դիրքը չկորցնելու վերաբերմամբ։ Նա ջանաց ճգնել ազատվել այդ եզրակացությունից, չկարողացավ, որովհետև երբ մարդ մենակ է, անխուսափելիորեն և դաժանորեն անկեղծ է։

— Ինչպե՞ս է Ելենա Բեգլարովնան,— հարցրեց հանկարծ պրոֆ․ Տեր-Մինասյանը, երբ բլուրը բարձրացող մի քանի անցորդների բարձր խոսակցությունը խանգարեց նրան