որ գիշերը կոմունիստական մի ջոկատ, հարձակվելով Էջմիածնի վրա, գերի էր վերցրել կաթողիկոսին և մի քանի եպիսկոպոսների, աքսորել Սևան, խստորեն մեկուսացրել նրանց կղզում։ Ճշմարիտ է, և այն ժամանակ նա չէր հավատացել, չէ՞ որ մի քանի օր հետո մարդիկ անձամբ տեսել էին հայոց հայրապետին իր վեհարանում՝ հանգիստ և անձեռնմխելի, ուրեմն այդ անձամբ տեսնողները «ստել են ականատեսի նման»։
Բայց պրոֆեսորը քիչ հետո սթափվեց, կարծես, մի ծանր երազից։ Նա լսել էր, դեռ մինչև Փարիզ ճանապարհին, որ գաղութահայ թերթերը գրում են մասսայական գաղթի մասին Հայաստանից դեպի Ռուսաստան, թե Հայաստանի մայրաքաղաքը օրեցօր դատարկվում է, մարդիկ փախչում են մինչև անգամ Միության ավելի անբարեբեր շրջանները, ազատվելու համար քաղաքական անասելի հալածանքից, իբր թե Հայաստանից դուրս բոլշևիզմն ավելի մեղմ է, քան Հայաստանում։ Պրոֆեսորը հանկարծ գոչեց. «Սուտ է, ամեն ինչ սուտ է, մեր կառավարությունը մինչև անգամ չի կարող դիմանալ ներգաղթի ուժգին հոսանքին, կառուցելով ամբողջ թաղամասեր, դեռ բնակարանային սուր ճգնաժամը շարունակվում է, այնինչ, արտաքին լուրերի համաձայն դատարկվում է մայրաքաղաքը։ Սուտ է, սուտ է, սուտ է։ Մարդիկ անխղճորեն ստում են»։
Առաջին անգամն էր, որ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն զգաց խղճահարություն դեպի Խորհուրդների երկիրը, առաջին անգամ էր, որ նրա մեջ զարթնեց Խորհուրդների երկրի քաղաքացու արժանապատվությունը և արդարության զգացումը։ Նրան, այդ կույր մարդուն, որ տարիներ ապրել էր հանուն սոցիալիզմի կառուցման մղվող պայքարի անասելի, հերոսական և մինչև անգամ հեքիաթային պայմաններում և գրեթե ոչինչ չէր տեսել, կամ մարտնչել էր չտեսնելու, սուտը, բացարձակ սուտը զարթեցրեց։ Հանկարծ նա զգաց, որ ո՛չ միայն ինքը, իբրև հարազատ քաղաքացի, չէր կարողացել ոգևորվել երկրի վերելքով, չէր կարողացել տեսնել ժամանակավոր անհաջողությունների մեջ իսկ ապագա մեծագույն և