— Այո, ճիշտ է։
— Ապա դու չամաչեցի՞ր, որ նրան թույլ տվիր, նրան, իմ որդուն, դառնալու կոմսոմոլիստ։
— Ոչ։
— ...
— Ոչ միայն թույլ եմ ավել, այլև քաջալերել եմ։
— Քաջալերե՞լ ես։
— Այո, քաջալերել եմ, որպեսզի քեզանից ավելի բարձր մարդ դառնա հասարակության համար, դառնա ավելի պետքական, ավելի բարոյական, ավելի պատվավոր։
— Ինչ լավ կլիներ, մենք իրար չտեսնեինք։
— Ո՛չ, ավելի լավ չէր լինի, ես չեմ սիրում պատրանքը, եթե մենք իրար չտեսնեինք, ես պիտի շարունակեի կարծել, որ իմ եղբայրը մի պատվավոր մարդ է։
— Միքայե՛լ։
— Որտեղի՞ց իմացար, որ ես բանտարկված եմ, հարցաքննված ամեն երեք օրը մի անգամ։
— Մենք ստույգ տեղեկություններ ունենք այդ մասին։ Քեզ բանտարկել են իմ կնոջ և որդու համար։
— Ստում ես դու, այդպիսի տեղեկություն չի կարող լինել, դու ինքդ ես սարքել, որպեսզի երևաս մարտիրոս:
— Միքայել, դու ինձ անպատվում ես։
— Դու ես քեզ անպատվում, խեղճ մարդ։
Էմիգրանտը լռեց։ Նրա հոգու դռանը բախվեց մի ուժգին ձայն․ «Ճիշտ է եղբայրդ, այդ սուտը դու ես հնարել»։
— Նո՛ւ, մոռանանք այս բոլորը։ Ես կարծում եմ, որ այստեղ ապրելն ավելի լավ է, քան Փարիզում. խորհուրդ կտայի այստեղ ապրել,— ասաց էմիգրանտը։
— Ո՛չ։
— Փարիզում դժվար կլինի տնտեսապես։
— Տնտեսապես և ամեն բանով, մանավանդ բարոյապես, ավելի լավ կլինի ապրել Երևանում։
— Պիտի վերադառնա՞ս,— ապշահար հարցրեց եղբայրը։
— Այո՛։