Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր։ Վերջնական բաժանումը եղբորից։ Ոչ։ Նրան տխրեցնում էր Խորհուրդների երկրի հիշողությունը։ Ահա այդ երկիրը պատկերացավ իր առաջ ամբողջ մերկությամբ։

Քայլեց նա առաջ, մտավ մի փողոցից մյուսը և երբ հանկարծ նրան թվաց, որ նավը ճեղքում է նորից կապույտ ծովը դեպի Խորհուրդների երկիրը՝ փարատվեց նրա տխրությունը, աստղերը թափվեցին նրա սրտի վրա, և շվեյցարական անսահման խաղաղ և կապույտ գիշերը երգեց նրա հոգում։


ԻԴ

Առավոտյան նա մեկնեց Փարիզ։


ԻԵ

Անցավ մի ամիս։

Անցավ լուռ, տանջալից երազներով և մտորումներով։



ԻԶ

Մի առավոտ նա որոշեց այլևս չգնալ պրոֆ․ Ֆրանսուա դը Մոնեի մոտ։ Նրանք վերջին անգամ բաժանվել էին իրարից ձևական քաղաքավարությամբ, թերևս հարկավոր էր գեթ մի անգամ ևս այցելել նրան և ասել, որ այլևս չի գալու, բայց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը որոշեց չկրել քաղաքավարության տանջանքը և վերջ տալ իր այցելություններին։ Նրան այլևս անհանդուրժելի էր դառնում ֆրանսիացի պրոֆեսորի գոռոզությունը, որ բխում էր այն խոր համոզմունքից, թե ֆրանսիացին ընտրված ժողովուրդ է։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանի ինտերնացիոնալ զգացումներին նա պատասխանել էր հեգնանքով