Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և լպիրշ թերահավատությամբ, իսկ Խորհուրդների երկրի նոր աշխարհ կառուցելու խնդրին, որը պրոֆ. Մելիք-Անդրեասյանր դրել էր պրոֆ․ դը Մոնեի առաջ, թունավոր ծաղրով էր վերաբերվել։

Պրոֆ․ Ֆրանսուա դը Մոնեն Արևմտյան Եվրոպայի պատմության հայտնի մասնագետ էր։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը նրա հետ կապված էր 19-րդ դարու պատմական մի շարք անցքերի դոկումենտալ պարզաբանման համար։

— Դուք երբևիցե չե՞ք մտածել աղքատության մասին, մարդկային ֆիզիկական թշվառության մասին, որ ծնունդ է առնում կապիտալիստական սիստեմից,— հարցրել էր նրան պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, որին պրոֆ․ դը Մոնեն պատասխանել էր կտրուկ և վերջնական․ ո՛չ։

— Ինչո՞ւ։

— Կարևոր չէ։

— Չե՞ք կարծում, որ պատմությունը դասակարգային պայքարի պատմություն է։

— Ո՛չ, պատմությունն ազգերի արժանապատվության պայքարի պատմություն է

Այն մարդը, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, որ Խորհուրդների երկրում համառ, ներքին և լուռ պայքար էր մղել պատմության մարքսիստական ըմբռնման դեմ, Եվրոպայում, շփման մեջ մտնելով բուրժուազիայի իդեոլոգների հետ՝ իրեն գտավ մի նոր մարդ, զգաց, որ իր մեջ ներծծվել էր շատ ավելին, քան ինքը կարծում էր։ Եվ հուսախաբված բուրժուական դեմոկրատիայից, որն իր լավագույն երազն էր հանդիսացել երկար տարիներ, ավելի և ավելի խորացավ հասարակական այն հարաբերությունների հատակը, որ գոյություն ուներ բուրժուազիայի բացարձակ տիրապետության շրջանում։ Այն պահին, երբ նա պրոֆ․ դը Մոնեին հարց էր տալիս աղքատության պրոբլեմի մասին, ինքը ևս այդ մասին լայնորեն և խորապես չէր մտածել։ Մարդկային աղքատության, մարդկային ստեղծագործական մեծ զանգվածների աղքատության մտածումը շատ անգամ էր խուժել նրա իմացականության մեջ, անողորմ պայքարով, բայց այժմ ինքը ևս սկսեց մտածել այդ մասին, և նրա առաջ պատկերացավ, հեռավորության