Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաղթական հնչյուններով, պրոֆ. Մելիք-Անդրեասյանի աչքերը լցվեցին արցունքով։ Նա զգար, որ մի քանի կաթիլ տաք արցունքը, բխած տխուր սրտի թաքուն խորքերից, թեթևացնում էր իրեն ծանր մի կոշմարից։

Երկար ժամանակ էր, ինչ նա իրեն հանցավոր էր զգում, իբրև Խորհուրդների երկրի քաղաքացի, մի մարդ, որին հավատացել էին Խորհուրդները, որին տրված էր բարձրագույն պատիվ, գործուղվել էր Եվրոպա, որի ազնվության մասին չէին կասկածել ոչ մի րոպե, ահա ինքը դավաճանում էր այդ երկրի դեմ, այդ երկրի հեղափոխական, հերոսական պրոլետարիատի դեմ։


ԻԷ

— Հարկավ, հարկավ, ամենահարգելի պրոֆեսոր, ես ձեր առաջ դնում եմ ամբողջ ճշմարտությունը։

— Բայց չէ՞ որ ճշմարտությունն ասելու համար...

— Այո,— ընդմիջում է դիմացինը,— ճշմարտությունն ասելու համար հարկավոր է արիություն, բայց դուք կարծո՞ւմ եք, որ ես արիություն չունեմ, ճիշտ է, այն ժամանակ լռեցի, իմ լռությունն ուրիշ նպատակ ուներ, վերջապես, չի կարելի ամեն ինչ, ամեն մարդու ներկայությամբ ասել, ամեն բան հարկավոր է նկատի ունենալ, հանգամանքները, նրբություններ կան... Վերջապես կա և անձնական շահի խնդիր, իհարկե, ես անձնական շահի համար չէ, որ, այսպես ասած, չասացի այն, ինչ հարկավոր էր ասել, բայց վերջապես...

— Հասկանում եմ, հասկանում եմ ձեզ։

— Ուրախ եմ, վերջապես հանգամանքները...

Բուրժուական հարաբերությունների բարդ, խճճված այս հանգույցներում նրա հոգին սկսեց ձգտել դեպի հարաբերությունների պարզությունը, դեպի խորհրդային կենցաղը։

Ահա խոսում է մեկը, քաղաքավարի, կուլտուրական բոլոր