Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձևականություններով, հաճելի է մինչև անգամ նրա լեզուն, զգացնել է տալիս նա, որ խորապես հարգում է դիմացինի մարդկային արժանապատվությունը, բայց կեղծ է, սուտ է, չի կարելի հավատալ նրա խոսքի ոչ մի շեշտին։

Եվ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ծանրություն էր զգում իր ուղեղում, թաց, ամպամած և մռայլ երկնքի կապարն էր կախվում նրա իմացականության վրա։

Կարոտը, կարոտը Խորհրդային հայրենիքի այրում էր նրա ողջ էությունը, որոնում էր նա ծանոթ դեմքերը, որոնում էր ծանոթ կենցաղը, ծանոթ միջավայրը, ցանկանում էր լսել քարտաշի մուրճի հնչյունը, որ մի քանի տարի էր, ինչ նրա ականջին երգում էր բոլոր փողոցներում, մինչև անգամ իր դասարանի լուսամուտի տակ։

— Ես պետք է վերադառնամ, պետք է անպայման վերադառնամ, ես չեմ կարող բաժանել ինձ մարդկության լավագույն մասից, չեմ կարող բաժանվել այն կուլտուրայից, որ ամբողջովին հագեցած է բարձր գաղափարականությամբ։

Այս որոշումը տալոց հետո՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ազատվեց ծանր մի կոշմարից։ Այդ կոշմարը երկվությունն էր, երկվությունը դեղին աչքերով։ Այլևս ոչ մի տատանում չէր տանջում նրա հոգին։ Այդ որոշումից հետո՝ բարձրացավ նրա տրամադրությունը, մինչև անգամ սկսեց հաճույք զգալ։ Եվրոպայի ցնծուն քաղաքից, սկսեց ստանալ այդ քաղաքի գիշերից խոր բավականություն։ Փարիզի գիշերը զվարթ էր և լուսավոր։ Այդ որոշումից հետո՝ նա օրորվում էր մի դուրեկան հեռանկարով, ահա ծովը, ահա նավը, որ մոտենում է հեռավոր հարազատ ափերին, որտեղ ծաղկում են լիմոնն ու նարինջը և փայլում ոսկյա անդորրությամբ։


ԻԸ

Եղբոր այն երկտողին, թե՝ մի տնգամ ևս արի ինձ մոտ, խոստանում եմ քաղաքական ոչ մի խնդրի մասին չխոսել, միայն եղբայրական տեսակցություն, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պատասխանեց հետևյալը.