Հարություն,
Քեզանից բաժանվելուց հետո՝ ես ենթարկեցի ավելի և ավելի փոփոխությունների։ Այժմ ինձ բոլորովին չես ճանաչի: Ես շուտով վերադառնում եմ իմ երկիրը: Ի՛մ երկիրը: Արյան կապն ինձ չի ոգևորում, մենք բարեկամներ չենք, ոչ միայն բարեկամներ չենք, այլև երկու թշնամի բանակների զինվորներ: Ես վերադառնում եմ իմ ռազմաճակատը: Եթե մի օր երկու բանակները գործնական ճակատամարտի մղվեն, ինձ կգտնես քո դեմ զենքը ձեռիս: Փախչում եմ Եվրոպայից, փախչում եմ ստից, կեղծավորությունից, շահագործման պատերազմից, փախչում եմ իմ տարիների երազած դեմոկրատիայից, փախչում եմ գոռոզությունից, ոսկեզօծ կեղտից:
Իմ առաջին պարտականությունը պիտի լինի ավելի և ավելի քաջալերել Բաբկենին իր հասարակական կյանքում, մղել նրան նոր աշխարհի կառուցման աշխատանքին՝ առավել ոգևորությամբ և առավել անկեղծությամբ:
Այս աշխարհը նրանն է:
Կվերադառնա՞մ արդյոք Եվրոպա: Այո, կվերադառնամ Խորհրդային Եվրոպա: Արդյոք շո՞ւտ կվերադառնամ: Այո: Ես ապրեցի Եվրոպայի ահեղ մայրամուտը, ես լսեցի մարմարյա սյուների ճարճատյունը: Բուրժուազիան թողնում է փառահեղ ավերակներ...
Ես վերադառնում եմ, լուսաբացի թմբուկն ինձ կանչում է:
Հոգիս ուրախ է, թեթևացած բոլոր ծանրություններից: Միայն մի կասկած երբեմն ինձ տանջում է՝ արդյոք կլինե՞մ նոր աշխարհի արժանի և պիտանի քաղաքացի:
Առաջին մեր տեսակցությունը տխուր եղավ, երկրորդ տեսակցությունը կարող է լինել եղերական: Թույլ տուր այս մի քանի տողով վերջացնել մեր կապը:
Երևանը բոլորում էր ոսկյա աշունը, խաղողի հատիկները շողում էին իբրև հողի աստղերը, երբ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը վերադարձավ։
Առաջին օրն էր, որ Ելենա Բեգլարովնան վառել էր պատի վառարանը։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը բաց արավ պահարանը, վերցրեց իր օրագիրը և, գցելով վառարանի մեջ, նատեց դիմացն ու սկսեց դիտել իր հին կյանքի ամենանվիրական հիշատակի բոցավառումը։ Ելենա Բեգլարnվնան նստած էր կողքին՝ ապշահար և անորոշ զգացումներով։ Հրկիզված