է, որ մատուռի գոյությունը գաղտնի պահվի։ Մատուռի բացվելը նշանակում է վնասել Օսմանյան կայսրության սահմաններում ապրող հայ կաթոլիկության։
ՄԱՅՐԸ.— Ի՞նչ եք մտածում անել։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մեծ պահարաններից մեկը պետք է բերել և դնել այս մատուռի դռան առաջ՝ զերծ պահելու համար նշմարվելուց։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Առանց այդ էլ մատուռի դուռը աննշմարելի է, ամիրա։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Զննում է դուռը՝ բաց անելով և փակելով։ Մատուռը զետեղված է դաճլինի խորքում՝ փոքրիկ, պատի հետ նույնացած, դռնով, բայց ամբողջ պատը բաժանվում է երկու մասի և աջ ու ձախ կողմերի վրա բացվելով՝ փոքրիկ մատուռը կազմում է դահլիճի շարունակական մասը:) Այնուամենայնիվ անհրաժեշտ է զգույշ լինել։ Օսմանյան կայսրության ամենախիստ օրենքներից մեկն է կաթոլիկ պաշտամունքի արգելումը։ Իսկ մենք այս մատուռում արած գաղտնի պաշտամունքով գործել ենք կայսրության օրենքի և կրոնի դեմ։
ՊՈՂՐՍ ԱՄԻՐԱ.— Անհրաժեշտ է անել այդ անմիջապես (դուրս):
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ես խոսել եմ մի հայ վաճառականի հետ, որ անպայման նա գնի այդ պահարանը և թողնի իր տեղում։
ՄԱՅՐԸ.— Ատում եմ կենդանի մարդկանց։ Ներեցե՛ք ինձ, ամիրա, խոսում եմ հոգու խորքից։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Հասկանում եմ ձեզ, մեծ տիկին, արդար է ձեր ատելությունը։ Մարդկային է սերը, մարդկային է և ատելությունը։
ՄԱՅՐԸ.— Ես կարծում էի, որ երեկվա ոճիրներից հետո պետք է ամեն ինչ շարժվեր, պետք է ամեն ինչ փուլ գար։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Դեռևս ժամանակ կա, մեծ տիկին։
ՄԱՅՐԸ.— Լռում են, երբ դեռ դիակները տաք են և արյունը պղպջում է։ Միթե ամեն ինչ սառելո՞ւց հետո պիտի շարժվի։