Ժամանակը կուլ է տվել սրանից ավելի խոշոր ոճիրներ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Եթե սրանից ավելի խոշոր ոճիրները կուլ են գնացել ժամանակի անդունդում, ինչո՞ւ...
ՄԱՅՐԸ.— Ձեր գործին նայեցեք, ամիրա։ Վիշտը մոլորեցնում է ինձ։ Միայն խնդրում եմ թույլ չտալ, որ ամբարիշտ Իսխել հրեան գնի Տյուզյանների կահ-կարասիները։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Անխուսափելի է դա։ Իսխելը հարուստ է և ոխերիմ թշնամի նահատակներին։ Նրանց գլխատումը դավադրելուց հետո անպայման կգնի և նրանց կարասիները։
ՄԱՅՐԸ.— (Հառաչում է:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Կարգադրել եմ, որ մեր բարեկամները գնեն ձեզ համար հարգելի և հիշատակելի իրեղենները։
ՄԱՅՐԸ.— Ինչքան ծանր են այս բոլորը մոր համար։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Զգում եմ իբրև հայր, մեծ տիկին։
ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— (Ներս) Բերում են պահարանը։ (Երկու ծառաները բերում են մեծ պահարանը, դնում են մատուռի դռան առաջ և գնում են դուրս:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Այսպես լավ է։ (Լռություն) Պիտի լինել սառնարյուն և քաջասիրտ։
ՀԱՐՍԸ.— (Սևեր հագած և արցունքոտ աչքերով մտնում է և չոքելով սկեսուրի առաջ) Մայր։
ՄԱՅՐԸ.— Ոչ ոքի այնքան իրավունք չի տրվել արցունք թափելու, որքան քեզ, աղջիկս։ Բայց հավատա աստծո վրեժխնդրության։
ՀԱՐՍԸ.— Սուտ է, մայր, ամեն ինչ սուտ է, և՛ աստվածը, և՛ նրա պատվիրանները։ Այսպիսի՜ ոճիր։ Օսմանյան կայսրությունը չի ունեցել նման հավատարիմ ծառաներ, ինչպես իմ ամուսինը և տագրերը։ Գլխատեցին նրանց։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Օսմանյան կայսրությունը ինքը խորտակեց իր ամենահզոր սյուները։ Հավատացե՛ք աստծո արդարության, աղջիկս։
ՀԱՐՍԸ.— Երբե՛ք, երբե՛ք:
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ձեր չհավատալու համար աստվածը կարող է հրաշքներ գործել։
ՀԱՐՍԸ.— (Լալիս է) Մենք հրաշք չենք տեսնի, ամիրա։