Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱԿՈԲ.— (Ներս) Ապարանքի մատուռը, տիկին, բոլորովին անհետացվեց, ինչպես պատվիրել էր ամիրան։

ՍԸՐՄԱ.— Ապրիս, Հակոբ, մեր տան ամենահավատարիմ ծառան դու ես։

ՀԱԿՈԲ.— (Խոնարհվում է:)

ՍԸՐՄԱ.— Ուզում էի ասել․․․

ՀԱԿՈԲ.— Ի՞նչ է հրամայում իմ տիրուհին։

ՍԸՐՄԱ.— Ոչինչ, մատուռից ոչ մի հետք չթողնել։

ՀԱԿՈԲ.— (Դուրս:) (Լռություն:)

ՍԸՐՄԱ.— Սիրանուշ, գիշերվան ո՞ր ժամն է։

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Բանալով վարագույրը և նայելով դուրս) Կապույտ լույս է դուրսը, մայրիկ, սարայի ճրագները հանգած են։ Երևի շուտով կգա հայրիկը։

ՍԸՐՄԱ.— Ե՞րբ պիտի գա։ Հոգիս ճմլվում է։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Հանգստացիր, մայրիկ, հայրիկի իսլամանալով մենք չենք կորցնի նրան։

ՍԸՐՄԱ.— Կկորցնեք, աղջի՛կս, կկորցնենք նրան ընդմիշտ։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Իսլամանալով նա կկորչի միայն քրիստոնեության համար, բայց ոչ մեզ համար։

ՍԸՐՄԱ.— Խորը չես մտածում, աղջիկս։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Մահվան շունչ է փչում այս բանից։

ՍԸՐՄԱ.— Մակույկ չի՞ երևում Բոսֆորի վրա։ Տե՛ս։

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Դիտելով դուրսը) Ոչ, մայրիկ:

ՍԸՐՄԱ.— Միայն գիտենայի, որ նա անվանական կերպով դավանափոխ է եղել, իր քաղաքական կացությունը փրկելու համար միայն։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Վստահ եղիր, մայր, նա ապտակել է հրեային իր կրոնի պաշտպանության համար։ Ուրեմն խոր է հավատքը նրա մեջ։

ՍԸՐՄԱ.— Ներս կանչիր Հակոբին։

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Դուրս:)

ՍԸՐՄԱ.— Փլչում է այս տունը։

Ներս են մտնում Սիրանուշ և Հակոբ

ՀԱԿՈԲ.— Ի՞նչ է կամենում հրամայել իմ տիրուհին։

ՍԸՐՄԱ.— Ի՞նչ լուր ամիրայից։