ՀԱԿՈԲ.— Ինչպես գիտեք՝ Շեյխ-ուլ-Իսլամի հետ մտել են սարայ և դեռ դուրս չեն եկել։ Ուղարկել եմ ձառաներից մեկին տեսնելու համար, թե նա ե՞րբ է դուրս գալու և ո՞ւր է գնալու։
ՍԸՐՄԱ.— Նոր լուր ստանալուց՝ անմիջապես տեղեկացրու։
ՀԱԿՈԲ.— Շատ բարի, տիկին։
ՍԸՐՄԱ.— Մատուռում եկեղեցու հետքեր չմնացի՞ն։
ՀԱԿՈԲ.— Ամեն ինչ ոչնչացված է, տիկին, գետինը և պատերը ծածկված են գորգերով և լուսամուտները՝ բացված։
ՍԸՐՄԱ.— Երբ ամիրան լուր է ուղարկել անհետացնել մատուռը, նշանակում է խուզարկություն կարող է լինել, հասկանո՞ւմ ես, Հակոբ։
ՀԱԿՈԲ.— Հասկանում եմ, տիկին, վստահ եղեք, ամենաճարպիկ մարդն անգամ չի կարող եկեղեցու հետք նշմարել այնտեղ։
ՍԸՐՄԱ.— Գնա, Հակոբ և հավատարմությամբ հսկիր տանը։
ՀԱԿՈԲ.— Ինչպես որ հրամայում է իմ տիրուհին։ (Դուրս:)
ՀԱԿՈԲ. — (Ներս) Պողոս ամիրան, տիկին։
ՍԸՐՄԱ.— Ներս հրավիրիր։
ՀԱԿՈԲ.— (Դուրս:)
ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— (Ներս մտնելով՝ աչքերը չռում է մեկ Սրմայի և մեկ Սիրանուշի վրա) Մի՞թե ճշմարիտ է։
ՍԸՐՄԱ.— Ճշմարիտ է, ամիրա, դառնորեն ճշմարիտ։
ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— Կորցնում եմ պարզ դատողությունս անգամ։ Ապտակել հրեային կրոնի համար և նույն գիշերը դավաճանել կրոնին։ Անհասկանալի է։
ՀԱԿՈԲ.— (Ներս) Տիկին, ամիրան սարայից դուրս է եկել Շեյխ-ուլ-Իսլամի հետ և սուլթանական կառքով գնացել է Այա-Սոֆիա։
ՍԸՐՄԱ.— Վա՛խ...
ՀԱԿՈԲ.— (Դուրս:)
ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— Ապշում եմ։
ՍԸՐՄԱ.— (Զարմացած) Տղամարդ եք դուք, կիսլամանաք բոլորդ էլ։
ՍԻՐԱՆՈՒՇ.— Հայրիկը Այա-Սոֆիայում... (Լալիս է:)
ՀԱԿՈԲ.— (Ներս) Տիգրան ամիրան։