Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ ներկայանալ քեզ բոշայի տարազով կամ աֆրիկյան սևամորթների գույնով։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Կարևորը այն է, որ այդ տարազի տակ, հայր, քո արյունը լինի կարմիր և հոգին՝ սպիտակ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Ծիծաղելով և լրջանալով ու կիտելով հոնքերը) Հոգի չկա, աղջիկս, միայն կիրքը գոյություն ունի մարդկային ներաշխարհում։ Կիրքը բնական է և հավիտենական։ Նա հանդես է գալիս մարդու մեջ զանազան ձևերով։ Կրոնը մարդկային կրքի մի գործիքն է։ Ես հարգում եմ կիրքը մարդու մեջ։ Ջանա, որ չկորցնես քո մարդկային արժանապատվությունը։ Արժանապատվությունն էլ կիրք է։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Նախընտրելի է բարի կիրք ունենալ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Ծիծաղելով) Ո՞վ է համարձակվում սահմաններ ու չափեր որոշել։ Բարի... հա՛, հա՛, հա՛։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Ի՞նչ պատահեց ձեզ, ամիրա։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ոչինչ։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Ուրանալ Հռոմի տիեզերական եկեղեցի՞ն...

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Տիեզերական է միայն մարդը։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Ապա կրո՞նը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Կրոնը փուչ է, ամիրա։

ՍԸՐՄԱ.— Ներիր, սուրբ կույս Մարիամ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ձեզ խանգարող չի լինի։ Դուք կշարունակեք հավատալ հորը, հոգուն և որդուն։

ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— Դո՞ւ ինչ բանի ես հավատալու։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ինձ հավատալու ուրիշ բաներ կան, ամիրա, ինձ հարկավոր չէ քրիստոնեական եկեղեցին և սուրբ սկիհը։ Ես էլ կթքեմ սկիհի մեջ։

ՍԸՐՄԱ.— (Ինքնիրեն) Սուրբ կույս Մարիամ։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Քրիստոսի կրոնի ուրացումից հետո ի՞նչ է մնում մարդ արարածին։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Քրիստոնեական կրոնի ուրացումից հետո մարդ արարածին մնում է աշխարհը իր ողջ բովանդակությամբ։