Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աճուրդի ժամանակ Երկանյան Հովհաննես ամիրան՝ Հաջի Չեչեբին, սուլթանական ներկայացուցիչների առաջ, ապտակել է հորդ և նույն օրն իսկ իսլամացել, ահա պատմությունը։

ԶԻԼՖՍ.— Ես կսպանեմ նրա աղջկան։

ԻՍԽԵԼ.— Նրա աղջկա մի սափոր արյունը չեմ փոխի հոր կես կաթիլ արյան հետ։

ԶԻԼՖԱ.— Աղջկա մահը անհուն կսկիծով կխոցի հոր սիրտը։

ԻՍԽԵԼ.— Բայց չի հանգստացնի իմ սիրտը, Զիլֆա, իմ սիրտը։ Իմ սրտի հագեցումը, աղջիկս, դա է հարցը։

ԶԻԼՖԱ.— Աղջկա սպանությամբ կընկճեմ հոր եռանդը, հոգեկան ամբողջ ուժը, այն ժամանակ իմ հայրը ուժ կունենա նրա հետ կռվելու։

ԻՍԽԵԼ.— (Հիստերիկ ծիծաղով) Որքան մեծ է դժբախտությունը, այնքան մեծ է Հաջի Չելեբու ուժը։

ԶԻԼՖԱ.— Ուրեմն, հավիտյան մենք պետք է կրենք այդ ամոթը։

ԻՍԽԵԼ.— Որքան կրենք՝ այնքան ծանրանում է։

ՍԻՄԽԱ.— Ես հավատացած եմ, որ դու մի հնար կգտնես նրան պատժելու։

ԻՍԽԵԼ.— Անցել են ժամեր արդեն, Սիմխա, և իմ բոլոր մնացած հնարները չքանում են օճառի պղպջակների նման։

ԶԻԼՖԱ.— (Լալիս է:)

ԻՍԽԵԼ.— Մի՛ լաց լինիր, Զիլֆա, կորցրել եմ ջղերս, բայց դատողությունս դեռ չի դավաճանում ինձ. դուք մի՛ լաց լինեք։ Այդ վիշտը միայն ինձ թողեք։

ԶԻԼՖԱ.— Ես գնում եմ։ (Աճապարում է դուրս:)

ԻՍԽԵԼ.— (Ոտի կանգնելով՝ բղավում է) Զիլֆա՛, Զիլֆա՛, Զիլֆա՛... Կորցնում եմ իմ ընտանիքը, կորցնում եմ ապրելու բոլոր իմ իրավունքները։

ԶԻԼՖԱ.— (Ետ գալով) Հայր, այստեղ եմ։

ԻՍԽԵԼ.— Մնացի՛ր այստեղ։ Մի՛ գնա։

ՍԻՄԽԱ.— (Բազկատարած և աչքերը վեր հառած) Եհովա, Եհովա, Աբրահամի, Իսահակի և Հակոբի աստվածը, լսիր ու գոռա ամպերի միջից, անիրավված է այս աշխարհում