Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քո ընտրյալ ցեղի լավագույն զավակը, քո անվան սինագոգներ կառուցող Իսխելը։

ԻՍԽԵԼ.— Մի՛ աղոթիր, Սիմխա, երկինքը չէ, որ պիտի հատուցանե այս վրեժը, աստված չէ, որ պիտի տնօրինի, այլ այս աշխարհի մարդը՝ այս աշխարհում։

ՍԻՄԽԱ.— Այդ հավատքն է, որ այն տունը պիտի տանի աղետից աղետ։ Եհովան է, որ միայն վրեժխնդիր պետք է լինի։

ԻՍԽԵԼ.— Թո՛ղ քո եհովաներին և Եհովային։ Նա չկա, չի եղել և չի լինելու։

ՍԻՄԽԱ.— Մարգարեները ասում են, որ...

ԻՍԽԵԼ.— (Բղավում է) Սպանո՛ւմ են ինձ. ա՜, հասե՜ք, կախաղան են բարձրացնում իմ պատիվը։ Աղոթել և սպասել... Դա միայն աստուծո ընտրյալ հիմարը կարող է անել։ Հեռացի՛ր այստեղից քո Եհովայով միասին։

ՍԻՄԽԱ.— Եթե չես աղոթի, մտածի։ Կորցնում ես դու քեզ:

ԻՍԽԵԼ.— (Հանգստանալով) Դա ճիշտ է։ Պետք է մտածել, պետք է մտածել զօր ու գիշեր։

ՍԻՄԽԱ.— Փոխանակ մտածելու, ցնդած ծերունի, այնպիսի աղաղակներ բարձրացրիր, որ երիտասարդ աղջիկս անգամ իմացավ։

ԻՍԽԵԼ.— Թող իմանա։ Հոր հանդեպ եղած անարգանքը պետք է իմանա և պարտավոր է տանջվել դրա համար։

ՍԻՄԽԱ.— Է՛հ, ցնդել ես: Վերջ ի վերջո՝ ամբողջ եղածը մի ապտակ է։

ԻՍԽԵԼ.— Կին ես և կարող ես տանել։

ՍԻՄԽԱ.— (Արհամարհական շարժուձևեր:)

ԻՍԽԵԼ.— Սիմխա, մեծահարուստ հրեա Իսխելի կինը, պատրաստվի՛ր աղքատության, պատրաստվի՛ր ուրիշների դռներին լվացք անել ապրելու համար, որովհետև մեծահարուստ հրեա Իսխելը պիտի վատնի բոլոր հարրստությունը իր թշնամու մի կաթիլ արյունը տեսնելու համար։

ՍԻՄԽԱ.— Պետք է ավելի ու ավելի հարստանաս կռվելու համար։