Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բռնվեն ոսկիները, դժվար թե Հալետ էֆենդին կարողանա ազատել հրեա մաքսանենգին։

ԻՍԽԵԼ.— Լռի՛ր և դուրս գնա՛ այստեղից։ Աշխարհը պետք է փուլ գա, որ ես լսեմ կինարմատի խրատներին։ Դո՛ւրս (քաշքշում է Սիմխային և դուրս անում):

ՍԻՄԽԱ.— (Քաշքշուկի ժամանակ բղավում է) Լսի՛ր իմ խրատին։ Աղետալի է այս, աղետալի։

ԻՍԽԵԼ.— (Մոտենալով Հալետին) Կանայք երջանիկ են, երբ անպատվվում են, Հալետ էֆենդի, ուշք մի՛ դարձնեք, աղաչում եմ։

ՀԱԼԵՏ.— Դու իմանո՞ւմ էիր, որ նա պահված էր վարագույրի ետև։ Վտանգավոր են կանայք, երբ գաղտնիք են իմանում։

ԻՍԽԵԼ.— Չէի իմանում, Հալետ էֆենդի։ Ես կխեղդեմ նրան, եթե համարձակվի չլռել այդ մասին։ Հրեա կանայք խոսում են, տեր իմ, բայց նրանք չեն գործի իրենց ամուսինների դեմ։

ՀԱԼԵՏ.— Պետք է զգույշ լինես, Իսխել, ես իսլամ եմ, վտանգը կարող է քեզ պատահել։

ԻՍԽԵԼ.— Անհոգ եղեք, Հալետ էֆենդի, գաղտնիքը ավելի խորացավ, քանի որ կինս իմացավ։

ՀԱԼԵՏ.— Ես գնում եմ։ Կկարգադրեմ, որ ոսկիներն ուղարկեն քո անունով։ Կվարձատրեմ քեզ դրա համար։

ԻՍԽԵԼ.— (Համբուրելով Հալետի վերարկուի քղանցքները) Ոսկիները կստանամ և կհանձնեմ ձեզ, իսկ դուք ստացեք գլուխը և հանձնեցեք ինձ։

ՀԱԼԵՏ.— (Դուրս:)

ԻՍԽԵԼ.— (Սենյակի դռան շեմքին կանգնած, ներվային արագությամբ շոյելով միրուքը) Ոսկիների փոխարեն կստանամ գլուխը։

ՎԱՐԱԳՈՒՅՐ