Վարագա վանքը ուժ ունի։ Բո՛ւհ, փուչ է։ Ցնդեց բոլորը։ Ստամբոլի համար սուրբ չկա։
Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Մի ծանր հակի տակից) Ստամբոլի սրբերը քածերն են, վա՛յ ես նրանց (նետելով հակը) տոտիկներին մեռնեմ։
Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— Դրա համար փարա չուղարկեցիր հայրենիք։
Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Ո՞ւմ ուղարկեմ, հո՞րս, մի կին ունի, թող վաստըկի, ուտի։ Մեծ եղբո՞րս, հա՞, փարա ուղարկեմ, որ կնկանը ծոցը պառկի, քեֆ անի՞։ Ես էլ Ստամբոլի խաների մեջ փչանա՞մ։ Հե՛յ, խելքդ ո՞ւր է, կանչի, տուն գա։
Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Նրա խելքը էն գլխից ուրիշի տանն է ապրում, ինչքան կանչի՝ մեկ է, չի գա։
Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Մի կնիկ տար հետդ։
Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— Մի քամբախը կա տանը, հերիք է։
Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Մի հատ էլ տար. ավել միսը աչք չի ծակի։ (Նավի սուլոց է լսվում շատ հեռվից:)
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Շուտ արե՛ք, նավը գալիս է, զավզակություն եք անում։
Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Զավզակությամբ ենք ապրում, թե չէ ձեր տված փողը ինչքա՞ն է։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Դա էլ շատ է։
Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Քաշում է բռունցքը) Շատ մի զրուցե, թե չէ էս սհաթին հոր հոգուդ...
Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— Ձեռք քաշի։ Բան չունե՞ս։
Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Ասենք՝ դրուստ է, ի՞նչ բան ունեմ...
ԻՍԽԵԼ.— (Ներս) Հաջի Չելեբին եկե՞լ է։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Դեռևս ոչ։
ԻՍԽԵԼ.— Այս գալիք նավի վրա մի քանի արկղներ ունեմ։ Դրա մասին ուզում էի քեզ հետ խոսել։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Առանց վերատեսչի չենք դարսելու գալիք նավի ապրանքները։
ԻՍԽԵԼ.— Նա քննությա՞ն է ենթարկում բոլոր ապրանքները, ի՞նչ է։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Ոչ, այնպես՝ մեկ-մեկ նայում է։