ԻՍԽԵԼ.— Լսիր, երիտասարդ (կարգադրիչի թևից բռնելով քաշում է նրան մի անկյուն):
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Բարձր ձայնով բեռնակիրներին) Հե՛յ, նավը գալիս է, դուք եկեք քարափ և օգնեցեք։
ԻՍԽԵԼ.— Լսիր, երիտասարդ, ես քեզ չեմ ճանաչում, բայց այն ծերունուն, որի պաշտոնը դու ստացար, լավ էի ճանաչում։ Դու տեսե՞լ ես Բեբեքում կառուցած նրա ապարանքը։ Այդ ապարանքը նա կառուցեց այստեղ աշխատելով և քեզ նման ողորմելի ռոճիկ ստանալով։ Հիմա իմացիր, թե նա ինչպես արավ։ Մի մտածիր, տեսնեմ։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Երկար մտածելուց հետո) Այսպիսի ռոճիկով ապարանք չէր կարող շինել. երևի մի հանք գտավ։
ԻՍԽԵԼ.— Մի հանք գտավ, ճիշտ է։ Նա մի հանք գտավ և ճարպիկ ձևով օգտագործեց այն։ Հիմա մտածիր և ասա, թե գտածը ի՞նչ հանք էր։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Երևի ոսկու հանք էր։
ԻՍԽԵԼ.— Ապրիս։ Նրա գտածը ոսկու հանք էր։ Ապա հիմա մտածիր և իմացիր, թե ուր գտավ այս ոսկու հանքը։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Մի տեղ գտած կլինի։
ԻՍԽԵԼ.— Լսիր, ուշի-ուշով լսիր ինձ։ Ծերունին այդ ոսկու հանքը գտավ այս մաքսատան մեջ, դրսից ապրանք ստացողների ափերում։ (Ափը լիքը ոսկով երկարում է կարգադրիչին) Տեսնո՞ւմ ես հանքը, երիտասարդ, արդեն գտել ես, շահագործիր։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Չորս կողմը զննելով՝ առնում է ոսկիները:)
ԻՍԽԵԼ.— Իմ անունով մի քանի արկղ ապրանք է գալիս, վրան գրված է՝ «Նուրբ տեսակի մեխեր». առանց վերատեսչին ցույց տալու՝ ուղարկիր իմ տունը։ Ուղարկելուց հետո իմ ափում կգտնես և մի ուրիշ հանք, ավելի հարուստը։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Շատ լավ, շատ լավ։ Նավը հասնում է, հեռացիր այստեղից։
ԻՍԽԵԼ.— Շահագործիր մարդկանց ափերը։ Անհատակ են դրանք։ (Դուրս:)