Չելեբի, գիտեմ, որ պետական բարձր ծառայությունները խեղդում են ձեզ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ես միշտ ժամանակ կունենամ իմ բարեկամների համար։
ԻՍԽԵԼ. — (Թրքական խոր բարևով) Վստահում եմ ձեր բարեկամության։ (Թրքական խոր բարևով նազիրին՝ հեռանում է: Իսխելի հեռանալուց հետո՝ նազիրը և Հաջի Չելեբին իրար աչքերի մեջ են նայում երկար և ապա սկսում են բարձր ու շնական հռհռալ:)
Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Ներս մի հակով:)
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Այստե՛ղ, այստե՛ղ։
Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Ձգում է հակը և դուրս:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Նազիրին) Այո, կարելի է այդպես անել, դա ավելի թեթև կլինի արհեստավորների համար, իսկ պետական գանձը ավելի կշահի։
ՆԱԶԻՐ.— Ես այսօր իսկ կստանամ դրա համար սուլթանական հրամանը։ Եթե սուլթանը հայտնե ձեզ այդ մասին՝ կասեք, իհարկե, որ ես ձեզ հետ խորհրդակցել եմ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ճշմարտությունն էլ այդպես է։
- Բեռնակիրները կամաց-կամաց նավի ապրանքները բերում են և դարսում մաքսատան մեջ: Դուրսը՝ նավի վրա և նավի առաջ բազմության կա. թոկերով ապրանքներն իջեցնում են վար, աղմուկով, հարայ-հրոցներով: Հաջի Չելեբին և նազիրը, նստած աթոռների վրա՝ մաքսատան մեջտեղը, ուշի-ուշով դիտում են ներս բերված ապրանքները:
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Սկսում է ջղային զգալ իրեն, մոտենում է Հաջի Չելեբուն) Գրասենյակում շատ կարևոր գրություններ կան, տեր իմ, պետք է կարդացվեն։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Հետո։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Մի քանիսի վրա գրված է՝ «շտապ», տեր իմ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ոչինչ։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Երեկվա գրությունները դեռևս չեն ստորագրված։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Զայրացած) Շատ եք խոսում։