Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/664

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Նրանք երկուսը մի մարդ են, տեր իմ։ (Բեռնակիրները բերում են հետզհետե մյուս արկղները՝ թվով երեք, և դնում են Հաջի Չելեբու և նազիրի առաջ) Էլ ապրանք կա՞։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Մի հակ մնաց, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Շուտ արե՛ք և վերջացրե՛ք։ (Բեռնակիրները դուրս: Նազիրին) Այնուամենայնիվ, առանց տրկղներից մեկնումեկը բանալու չենք տանի։

ՆԱԶԻՐ.— Կարիք չկա։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Կարող է պատահել, որ մեր իմաստությունն են փորձում, տեր իմ։

ՆԱԶԻՐ.— Հա՞, այդպե՞ս։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Կարող է պատահել, տեր իմ։

ՆԱԶԻՐ.— Բանալուց և ստուգելուց ոչ մի վնաս։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Այո։

Բեռնակիրները բերում են մի մեծ հակ և դարսում ես մաքսատան մեջ:

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— Նավը դատարկվեց, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Շատ լավ։ (Կարգադրիչին) Փակեցե՛ք մեծ դուռը։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Փակում է դուռը, դադրում է աղմուկը, և ամբողջ մաքսատունը մթնում:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մի մոմ վառեցե՛ք։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Վառում է մոմը:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Բացե՛ք այս արկղը։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Աքցանը առնելով՝ բաց է անում մի արկղ:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Զգույշ, արկղը չկոտրես։ (Իր ձեռքով խառնում է մեջը և դուրս բերում ոսկիներ) Ահավասիկ օսմանյան կեղծ ոսկիներ, տեր իմ։

ՆԱԶԻՐ.— Տեսնում եմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Փակեցե՛ք արկղը, շալակեցե՛ք և հետևեցեք մեզ։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Մեխում է արկղի կափարիչը:)