Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստորագրությամբ, որի մեջ գրում է Հալետը արտասահման՝ ուղարկել ոսկիները ոչ թե իր անունով, այլ Իսխելի անունով։ Այսօրվա նավից դուրս բերված ապրանքների մեջ նազիրի հետ միասին բռնեցինք այս արկղները, և ինչպես տեսնում եք, նախ գրված է Հալետի անունով և ապա փոխված է Իսխելի անվան։ Ոսկիները կտրված են Վիեննայում։ Հալետի նամակի՝ պոստատան նազիրի ձեռքով վավերացված պատճենը կա։ Ահավասիկ, օգոստափառ, այդ նամակը, կարող եք տեսնել անձամբ (նամակը երկարում է սուլթանին):

ՍՈՒԼԹԱՆ.— (Նամակը խլելով՝ արագ կարդում է և ձգում գետնին) Հավատում եմ այս սրիկայության։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Առնում է գետնից նամակը և դնում ծոցը:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Ներքինուն) Կանչի՛ր այստեղ առաջին սենեկապետին։

ՆԵՐՔԻՆԻ.— (Խոնարհվելով՝ քաշվում է դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ.— Պիտի պատժել այդ դավաճաններին։

ՆԱԶԻՐ.— Պիտի պատժել, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Համաձայն օսմանյան արդարության։

Մտնում են Ա. Սենեկապետը և ներքինին:

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Թող հրամայի փադիշահը:

ՍՈՒԼԹԱՆ.— Կանչի՛ր այստեղ մեծ վեզիրին։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Խոնարհելով՝ քաշվում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— Այս մաքսանենգներից ո՞վ է ամենածանր հանցավորը, նազիր։

ՆԱԶԻՐ.— Հավասար հանցավոր են երկուսն էլ, փադիշահ:

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Աններելի հանցավորներ։

ՍՈՒԼԹԱՆ.— Կպատժեմ երկուսին էլ։ Մաքսանենգները գոյություն չպետք է ունենան իմ կայսրության մեջ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Զարմանալի է, որ հավատացյալները միշտ մի անհավատ բարեկամ կունենան մաքսանենգության գործում, (մի պահ լռությունից հետո) դրանից է, որ անհավատները քաջալերվում են հավատացյալներից պետական խարդախության մեջ: