ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Շփելով միրուքը՝ խորը ժպտում է:)
ՍՈՒԼԹԱՆ.— Կան և անհավատ իսլամներ։
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Պիտի խստիվ պատժել։
ՍՈՒԼԹԱՆ.— Մահվան պատիժ եմ սահմանում։
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Նայելով Հաջի Չելեբուն) Թող կտրուկ լինի սուլթանի խոսքը և սուրը։
ՍՈՒԼԹԱՆ.— Բայց անհավատի հետ խառն է և մի հավատացյալ:
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Թող խալիֆան ների հավատացյալին։
ՍՈՒԼԹԱՆ.— Ոչ։
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Փադիշահ...
ՍՈՒԼԹԱՆ.— Կարգադրիր, որ անմիջապես ձերբակալեն Հալետին և Իսխելին ու բերեն պալատ։
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Փադիշահ...
ՍՈՒԼԹԱՆ.— Ոչ մի ավելորդ խոսք։ Կարգադրի՛ր նաև, որ ամբողջ ավագանին ներկայանա պալատ։ Աճապարի՛ր։
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Խոնարհվելով՝ քաշվում է դուրս:)
ՍՈՒԼԹԱՆ.— Սրիկանե՛ր։ (Ներքինուն) Կանչիր այստեղ սենեկապետին:
ՆԵՐՔԻՆԻ.— (Խոնարհվելով՝ քաշվում է դուրս:)
ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս:)
ՍՈՒԼԹԱՆ.— Ուղարկիր այս արկղները արքունի փողերանոց։
ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Դուրս և անմիջապես ներս: Նրա հետ մտնում են երեք ներքինի և տանում են արկղները: Սենեկապետն էլ դուրս:)
ՍՈՒԼԹԱՆ.— Շուտ պետք է կատարվեն այս բոլորը, որպեսզի կատաղությունս հագենա։
ՆԱԶԻՐ.— Հանգստացեք, խանը ղազի, ամեն ինչ կկատարվի ձեր կամքի և հաճույքի համաձայն։
ՍՈՒԼԹԱՆ.— Ցանկանում եմ, որ շուտ կատարվի։
ՆԱԶԻՐ.— Այնքան շուտ, որքան մարդը կարող է։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Խոնարհվելով) Թող թույլ տա ինձ իմ թագավորը հեռանալու պալատից։
ՍՈՒԼԹԱՆ.— Ո՛չ, դու պետք է մնաս այստեղ և տեսնես քո հավատարմության պսակը։