Մատով էին ցույց տալիս, բայց չէին խոսում հետը, ամոթ էր։
Մինչև անգամ գիշերները նրա հետ անցկացնող աղաները, շան նման նրա ոտները լիզողները, եթե փողոցում պատահեին, սուտ չտեսնել էին ձևացնում։ Մարիցայի տան երկու հարևանները նրա տան կողմի լուսամուտները փակել էին, մինչև որ այդ «Սոդոմ-Գոմորը» հեռանար մի ուրիշ տուն, մի ուրիշ քաղաք կամ մի ուրիշ աշխարհ։
Բաղնիսում նրան տեսնողները փսփսում էին.
— Մսերը տես, ատոր համար է, որ բոլորը վրեն կվազեն։
Նրան չէին քսվում, միգուցե վարակվեին նրա անառակությունից։
Մարիցան բաղնիսում ձեռքը թասին չէր տանում, նստում էր աթոռի վրա, մի պառավ կին, անառակության դպրոցի նախկին աշակերտուհի, որը, իր կարգին, մաշել էր մի սերունդ, լողացնում էր նրան, երիտասարդ հերոսուհուն, տեսակ-տեսակ հոտավետ յուղեր էր քսում, հոտավետ ջրեր ցանում, տանում դուրս, առանձին սենյակում չորացնում, հագցնում։
Փողոցում Մարիցան քայլում էր դանդաղ, կապույտ զոնտիկով, սպասուհին ետևից, գլխի վրա աղավնու բացված թևերի նման մի սանր, կոնքերը արվեստականորեն գցում էր մեկ աջ մեկ ձախ, աչքի պոչով նայում տղամարդկանց, թեթև ժպտում ու շարունակում ճանապարհը։
Եկեղեցի երբեք չէր մտել, չէին թույլ տա, որ մտնի, միայն երբեմն քաղաքի երիտասարդ առաջնորդը կանչում էր նրան իր մոտ, որպեսզի «աստծո խոսքը» հաղորդի նրան։
Մի օր փողոցի վերևից մի աղմուկ լսվեց, անորոշ աղմուկ, բայց համառորեն մոտենում էր ու մեծանում։ Բոլորը դուրս թափվեցին, կանայք լցվեցին լուսամուտները, երեխաները թռան կտուրները։