Ավազակապետական համակարգի կառուցվածքն ու հանգուցային օղակները
Հայաստանի ներկա իշխանական համակարգը կառուցված է մոնոլիտ բուրգի սկզբունքով եւ հստակ սահմանված նվիրապետական-հիերարխիկ աստիճանակարգով։ Բուրգի գագաթը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Երկրորդ տեղն զբաղեցնում է վարչապետ, ոչ հեռավոր անցյալում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Երրորդ տեղին հավակնում են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։ Այնուհետեւ գալիս են նախարարների, փոխնախարարների, մարզպետների մեծագույն մասը, ինչպես նաեւ որոշ տխրահռչակ քաղաքապետեր ու թաղապետեր։
Հանցավոր այս համակարգի գործունեությունն ապահովվում է մի քանի հանգուցային օղակների շնորհիվ։
Առաջին. Նախագահի աշխատակազմի ղեկավարը, որի ազդեցությունը հատկապես մեծ էր Արմեն Դարբինյանի եւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանում, երբ փաստորեն Ալեքսան Հարությունյանն ու Արմեն Գեւորգյանն էին լուծում կադրային հարցերը, սահմանում առքուվաճառքի պայմանները, տնօրինում արտոնությունների շնորհումը, ապահովում ձեւական աճուրդների ու տենդերների անցկացումը։ Այսինքն, նրանք օժտված էին իրենց իրավասություններից դուրս գտնվող այնպիսի ֆունկցիաներով, որոնք կորզված էին կառավարության օրինական լիազորությունների շրջանակից։
Երկրորդ հանգուցային օղակը Արմեն Ավետիսյանի գլխավորած Մաքսային վարչությունն է, որի ֆունկցիան մաքսային վերահսկողության իրականացումից ու օրինական մաքսավճարների գանձումից վերածվել է համապետական մասշտաբի մաքսանենգության ֆունկցիայի։ Մաքսային վարչությունն է մոնոպոլիաների ձեւավորման, ներմուծվող ու արտահանվող ապրանքների քվոտաների բաշխման, գործարարներին անհավասար պայմանների մեջ դնելու, անցանկալի տնտեսական մրցակիցներին ասպարեզից դուրս մղելու եւ սնանկության հասցնելու մեքենան։ Թեեւ ոչ նույն չափով, նշված նպատակներին ծառայում է նաեւ հարկային տեսչությունը, որի գործունեությունից տուժում են