Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հատկապես մանր ու միջին մեծության ընկերություններն ու անհատ ձեռներեցները, քանի որ խոշոր հարկատուներն իրենց մուծումների մեծագույն մասը կատարելով բոլորովին այլ տեղ, ըստ էության, դուրս են այդ ծառայության իրավասությունների սահմաններից։

Երրորդ կարեւորագույն օղակը՝ դատախազության համակարգը, որ ղեկավարում է Աղվան Հովսեփյանը, ապահովում է ավազակապետական ռեժիմի իրավական անվտանգությունն ու անպատժելիությունը, քողարկում եւ պարտակում նրա բոլոր օրինախախտումներն ու հանցագործությունները, շինծու քրեական հետապնդումներով ահաբեկում եւ լռեցնում վարչախմբի հակառակորդներին ու ընդդիմախոսներին։

Ռեժիմի կենսագործունեությունն ապահովող չորրորդ հանգուցային օղակի դերում հանդես է գալիս Կենտրոնական բանկը, որի վարած ֆինանսական քաղաքականությունը, մասնավորապես՝ դրամի արժեւորման կասկածելի գործընթացը, կործանում է երկրի առանց այդ էլ խղճուկ արդյունաբերությունը, էապես սահմանափակում տեղական ապրանքների արտահանման հնարավորությունները եւ մսխում արտասահմանյան տրանսֆերների ռեալ արժեքի ավելի քան 40 տոկոսը, որը մտնում է ներկրող մոնոպոլիստների եւ նրանց հովանավորող պետական պաշտոնյաների գրպանը։ Բացի այդ, Կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկային համակարգն իրականացնում է ռեժիմի ֆինանսական հոսքերը եւ հանցավոր ճանապարհով ձեռքբերված հսկայական գումարների օրինականացման գործը։

Եւ վերջապես հինգերորդ հանգուցային օղակը՝ հանրային հեռուստատեսությունը, Ալեքսան Հարությունյանի գլխավորությամբ, ապահովում է հանցավոր վարչախմբի պրոպագանդիստական պաշտպանությունն ու ջանասիրաբար իրականացնում նրա ընդդիմախոսների ու քաղաքական հակառակորդների վարկաբեկման ստորագույն գործը։ Այդ հարցում նրանից հետ չեն մնում նաեւ պետության ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ գտնվող մի քանի այլ հեռուստաալիքներ եւ տպագիր մամուլի օրգաններ։