Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռեժիմի ձեւավորման եւ զարգացման ընթացքը

Հանցավոր այս ռեժիմը ձեւավորվել է ոչ միանգամից։ Նրա սկզբնավորումն ուղղակիորեն կապված է 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ։ Նման համակարգի գոյությունն անհնար էր Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի քաղաքական դաշինքի առկայության պայմաններում, քանի որ Խորհրդարանի մեծամասնությունը եւ կառավարությունը գտնվում էր նրանց լիակատար հսկողության տակ։ Իսկ սա մի այնպիսի լուրջ հակակշիռ էր, որը ոչ միայն անհնար էր դարձնում նախագահի կողմից որեւէ օրինախախտում, այլեւ վերջինիս լիազորությունները հավասարեցնում Անգլիայի թագուհու կարգավիճակի։ Հոկտեմբերյան սպանդն էր, ահա, այն գլխավոր հանգրվանը, որը բացեց քոչարյանական ռեժիմի ձեւավորման ու զարգացման լայնահուն ճանապարհը։

Այդ եղեռնագործությունից հետո՝ մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր։ Հետագա մի քանի ամիսների ընթացքում, հաղթահարելով ապրած կարճատեւ խուճապը եւ ամրապնդելով իր դիրքերը, քոչարյանական վարչախումբն ազատվեց իր հանցավոր գործունեությանը խոչընդոտող բոլոր օտար մարմիններից՝ վարչապետ Արամ Սարգսյանից, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից, գլխավոր դատախազ Բորիս Նազարյանից, Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանից, ինչպես նաեւ Հանրապետական ու ՀԺԿ-ական մնացյալ բոլոր նախարարներից ու պաշտոնյաններից՝ Վահան Շիրխանյան, Լեւոն Բարխուդարյան, Սմբատ Այվազյան, Շահեն Կարամանուկյան, Զավեն Գեւորգյան, Լեոնիդ Հակոբյան, Գեղամ Հարությունյան, Էդուարդ Սիմոնյանց, Անդրանիկ Քոչարյան, Տիգրան Հակոբյան, Դավիթ Մաթեւոսյան, Մուշեղ Սաղաթելյան, Արմեն Եղիազարյան, Արտակ Զեյնալյան եւ ուրիշներ։

Լուրջ ձեւափոխման-տրանսֆորմացիայի ենթարկվեց նաեւ նախագահական իշխանության գլխավոր հակակշիռը՝ Ազգային ժողովը, ինչը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նրա Հանրապետական ու ՀԺԿ-ական մեծամասնության (այլ կերպ՝ «Միասնություն» դաշինքի) բազմաթիվ պատեհապաշտ ներկայացուցիչներ, դավաճանելով իրենց նահատակված առաջնորդներին, հավատարմության երդում տվին