Jump to content

Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռոբերտ Քոչարյանին։ Խորհրդարանն, այդպիսով, քաղաքական մարմնից վերածվեց ամորֆ, գաղափարազուրկ, ստորաքարշ ժողովարանի, դառնալով նախագահական իշխանության պարզ կցորդն ու հլու կամակատարը։ Ռեժիմը վերջնական կատարելության հասավ այս տարվա խորհրդարանական ընտրությունների եւ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հայտնվելու շնորհիվ։ Այսօր մենք արդեն գործ ունենք լիովին մոնոլիտ, բացարձակապես անվերահսկելի եւ քրեական պարտավորություններով համաձուլված իշխանական փակ համակարգի հետ։

Ռեժիմի գործունեության տնտեսական հետեւանքները

Քոչարյանական ռեժիմի գործունեության ծանրագույն հետեւանքը Հայաստանի տնտեսական համակարգի ձեւախեղումն է։ Այն ոչ մի կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆեոդալիզմի, ո՛չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ, եւ ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ։ Օրուգիշեր թմբկահարվող լիբերալ տնտեսությունը մեր երկրում սոսկ ֆիկցիա է, քանի որ տնտեսական բնագավառում ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնազավթած խունտայի կամքով ու հրահանգներով։

Նախագահի ու վարչապետի փակ գրասենյակներում են որոշվում սեփականության բաշխման, պետական գույքի եւ հողի վաճառքի, մենաշնորհային արտոնությունների շնորհման, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, արտահանման եւ ներմուծման քվոտաների սահմանման, ընդհուպ մինչեւ լիցենզիաների տրամադրման եւ հողահատկացումների ու շինարարական աշխատանքների թույլտվության հարցերը։ Այսինքն՝ հիմնովին խախտված են կապիտալիստական կամ շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը։ Այլապես աշխարհի ո՞ր երկրում կարելի էր պատկերացնել, որ «ՊԱԶ»-ի մի սովորական վարորդ մեկ-երկու տարում այնքան կարող է հարստանալ, որ ընդունակ լինի տասնյակ միլիոնավոր դոլարի ներդրումներ