Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կատարել, ասենք, ոչ թե իր հայրենի Արցախի, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունում։ Կամ՝ 25-ամյա մի երիտասարդ, համալսարանն ավարտելուց 2–3 տարի անց, կարող է դառնալ Հայաստանի 10 ամենահարուստ գործարարներից մեկը։

Պաշտոնական վիճակագրությունը տարեցտարի Հայաստանի տնտեսական զարգացման վագրային թռիչքներ է արձանագրում, որոնք արտահայտվում են համախառն ներքին արդյունքի աճի երկնիշ թվերով։ Սակայն լուրջ տնտեսագետների ուսումնասիրություններից պարզվում է, որ այդ ցուցանիշները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, եւ տարեկան աճն իրականում չի գերազանցում 3–4 տոկոսը։ Ո՞րն է, արդ, երկնիշ թվերի հայտնության գաղտնիքը։ Բանից պարզվում է, ոչ մի գաղտնիք էլ չկա. տնտեսական աճի թվերը ուղիղ համեմատական են արտասահմանյան տրանսֆերների դինամիկային։ Այսինքն՝ Հայաստանի տնտեսությունն աճում է այնքան, որքան ավելանում են այդ տրանսֆերները, որոնց ծավալն այս տարի արդեն կհասնի 2 միլիարդ դոլարի։

Դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը եթե զարգանում է իսկ, ապա զարգանում է Հայաստանի սահմաններից դուրս, գլխավորապես Ռուսաստան պանդխտած հարյուրհազարավոր հայ աշխատավորների մկանային էներգիայի հաշվին։ Պատահական չէր նախորդ ելույթում իմ հնչեցրած այն միտքը, որ Հայաստանի միակ կապիտալն այսօր աշխատուժի արտահանումն է։ Ցավալիորեն, հիմնականում օտարների ձեռքում գտնվող հանքային, էներգետիկ եւ հեռահաղորդակցային ընկերությունները դեռեւս Հայաստանին որեւէ ռեալ շահույթ չեն ապահովում, բացի աշխատավարձից եւ սոցիալական հարկի մուծումներից։ Պաշտոնական վիճակագրությունը կեղծ է նաեւ մի այլ առումով։ Հանցագործաբար թաքցվում են Հայաստան ներկրվող մենաշնորհային ապրանքների, մասնավորապես բենզինի ծավալները։ Դեռեւս 1997թ. աշնանը Հայաստանն արդեն ներմուծում էր ամսական 30.000 տոննա բենզին։ 2002 թվականից սկսած, ըստ վիճակագրական տվյալների, բենզինի ներկրման ամսական ծավալները կազմում են ընդամենը 12.000–15.000 տոննա՝ ծիծաղելի մի թիվ, եթե հաշվի առնենք ավտոմեքենաների թվի անընդհատ աճը։ Իրականում, սակայն, ամեն ամիս