Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանրապետություն է ներմուծվում ավելի քան 50.000 տոննա բենզին։ Սա այլ կերպ, քան մեծագույն ձեռնածություն, պետական մաքսանենգություն կամ դարի հանցագործություն չի կարելի անվանել, որը, կասկածից վեր է, հետագայում դառնալու է բազմաթիվ խորհրդարանական հանձնաժողովների եւ դատական մարմինների քննության առարկա։ Մոտավորապես նույնն է վիճակը նաեւ մենաշնորհային այլ ապրանքների ներմուծման պարագայում։ Մասնավորապես, մի այդպիսի մախինացիա էլ կապված է ղազախական գազի խոշոր ծավալների ներմուծման հետ, որն արտացոլված չէ վիճակագրական պաշտոնագրերում։

Շատերի, այդ թվում՝ պրոֆեսիոնալ տնտեսագետների կողմից փաստվում է, որ Հայաստանի տնտեսության մի զգալի հատված ստվերային է։ Իմ կարծիքով, սակայն, սա պարզ եւֆիմիզմ կամ մեղմասացություն է։ Գուցե ասածս կարող է պարադոքսալ հնչել, բայց ես պնդում եմ, որ մեր երկրում իրականում ստվերային տնտեսություն չկա։ Ստվերայինն այն տնտեսությունն է, որը տարբեր պատճառներով դուրս է մնում իշխանության վերահսկողության սահմաններից, եւ այդ երեւույթն այս կամ այն չափով առկա է բոլոր, այդ թվում՝ ամենազարգացած եւ օրինապահ երկրներում։ Մինչդեռ Հայաստանի իշխանական համակարգն այնքան կազմակերպված ու հզոր է, որ նրա հսկողությունից ոչինչ չի վրիպում, այսինքն՝ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսեւորումները կառավարվում են նրա կողմից։ Հետեւաբար, սա ոչ թե ստվերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը։ Ընդ որում՝ դատելով հաշվարկներից, երկրորդ բյուջեն անհամեմատ ավելի մեծ է առաջինից։ Վերջին հինգ տարիների ընթացքում հանցավոր վարչախումբը ժողովրդից հափշտակել է առնվազն 3–4 միլիարդ դոլար։ Եթե այդ գումարը ներդրվեր Հայաստանում, մենք այսօր որակապես ուրիշ երկիր կունենայինք, իսկ եթե ներդրվեր Արցախում, ապա վերջինս արդեն անկախ կլիներ։

Ձեզ չձանձրացնելու համար սահմանափակելով ելույթիս այս հատվածը, հարկ եմ համարում, սակայն, կատարել երկու լրացուցիչ նկատառում։

Առաջին՝ չեմ կարծում, թե բարեխիղճ պրոֆեսիոնալներից կազմված վիճակագրական վարչությունը կեղծ տվյալներ է ներկայացնում